Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրվա կապակցությամբ իր շնորհավորանքն է հղել ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը։
«Սիրելի՛ փրկարարներ,
Մեծագույն ձեռքբերում եմ համարում, որ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և իրականացմամբ վերականգնվեց «Փրկարարի օրը»՝ իբրև մասնագիտական տոն։ Փրկարարն ամեն պահի պատրաստ է իր կյանքը վտանգել իր առաքելությունն իրականացնելիս:
Միևնույն ժամանակ, մենք երբեք չենք տեսնում այն բարոյահոգեբանական և առողջական վնասը, որը կրում է փրկարարն արձագանքման ժամանակ։ Նրա շնորհակալ ծառայությունն ընկալվում է իր փրկած կյանքերի թվով։ Իսկ թե որքան ջանք է նա գործադրել այդ մեկ մարդու փրկության համար, մնում է իրավիճակի տեսանելիությունից դուրս։
Փրկարար լինելն ամենամեծ նվիրյալների առաքելությունն է։ Այս ծառայությունում մարդիկ են, որոնք գիտակցաբար հայտնվում են ոլորտում և այլևս չեն կարողանում հեռանալ, որովհետև ներքին մղումը թույլ չի տալիս անտարբեր մնալ ուրիշի ցավի հանդեպ։ Իսկ բոլոր ժամանակներում ամենամեծ չարիքն անտարբերությունն է։
Շնորհավորում եմ իմ բոլոր փրկարար գործընկերներին՝ ամենակրտսեր ծառայողից մինչև ամենաբարձր ղեկավար կազմ։
Թանկագի՛ն ծառայակից ընկերներ, մենք ապրում ենք ցնցումներով ու տարատեսակ փորձություններով լի ժամանակաշրջանում։ Այդուհանդերձ, թող ոչինչ չփոխի մեր մարդկային որակները։
Փրկարարի մասնագիտական տոնի վերականգնումը հատուկ և կարևոր նվեր է հայ հասարակությանը։ Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները բարձր գիտակցությամբ վերաբերվեն այն մարդկանց, որոնք կյանքեր են փրկում»։