Ֆրանսիական Acted Armenia միջազգային մարդասիրական կազմակերպության «Վերակառուցելով կյանքը․ մարդասիրական աջակցություն ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերին» ծրագրի շրջանակում, որին իր ներդրումն է ունեցել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմը, հրատարակվել է մի քանի աշխատանք՝
- «Անվտանգության ապահովման խորհուրդներ» խորագրով ուղեցույց նախադպրոցական հաստատությունների համար,
- «Անվտանգության ապահովման խորհուրդներ» խորագրով աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության կրթության ուղեցույց նախադպրոցական հաստատությունների համար,
- «Անվտանգության ապահովման խորհուրդներ» խորագրով ուղեցույց փրկարար կազմավորումների համար,
- «Ջրհեղեղ, հեղեղում» և «Սելավ» թեմաներով հուշաթերթիկներ բնակիչների և կրթության ոլորտի աշխատակիցների համար։
Ֆինանսավորել է Start Fund ցանցը, համահեղինակ է «Լոռէ» կամավոր փրկարարական ջոկատի անձնակազմը, որոնք նաև ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայի դասախոսներն են։
Ջոկատի նախագահ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանը նշեց՝ մանկապարտեզների համար նախատեսված ուղեցույցներն աննախադեպ են։ Դրանք անդրադառնում են բնական երևույթներին՝ երկրաշարժ, ամպրոպ, կայծակ, հրդեհ և այլն, հասարակական տրանսպորտում գտնվելու, հեծանիվ վարելու և արշավ կազմակերպելու անվտանգության կանոններին, ինչպես նաև առաջին օգնությանը մանկապարտեզում հաճախ հանդիպող արտակարգ դեպքերի ժամանակ՝ շնչառության խանգարումներ, ոսկրամկանային կոտրվածքներ, թունավորումներ, խայթոցներ և այլն։ Ուղեցույցների հիմքում հիմնականում ակադեմիայի տպագրած գրականությունն է, նոր նյութեր ևս կան։
Ծրագրի շրջանակում վերահրատարակվել է նաև «Իմանանք և օգնենք» ուսումնամեթոդական ձեռնարկը փոքրահասակ երեխաների համար։ Թեմատիկան ինքնօգնությունն ու փոխօգնությունն են, որոնք ներկայացված են կոմիքսների տեսքով։
23 շահառու մանկապարտեզներին գրքերը նվիրելուց զատ՝ իրականացվել է նաև երկրաշարժի և հրդեհի ժամանակ տարհանման վարժանք՝ ճապոնական դպրոցների նմանությամբ։ Օրինակ, կարմիր ժապավենով սահմանազատվել է պայմանական հրդեհի գոտին, և երեխաներն առանց «կրակի լեզվակներին» դիպչելու դուրս են եկել անվտանգ տարածք։
Փրկարար կազմավորումների համար նախատեսված ուղեցույցի անհրաժեշտությունն առաջացել էր մայիսի վերջին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի դեպքից հետո, երբ պարզ դարձավ որոնողափրկարարական աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը։ «Գետնանցի, մարդկանց տարհանման, մալուխների ու խողովակաշարերի անցկացման գործում մեր դրոնները շատ են օգնել։ Փրկարար կամավորներն այս ձեռնարկով կարող են ծանոթանալ հեռակառավարվող սարքերով գետնանցի կազմակերպմանը, անվտանգության կանոններին և խնդիրներին»,- ասաց Արմեն Առաքելյանը։
Ինչ վերաբերում է հուշաթերթիկներին, ապա մոտ 1000 օրինակ բաշխվել է Ալավերդի համայնքին և բնակավայրերին։ Որոշակի տպաքանակ կտրամադրվի նաև մանկապարտեզներին։ Մարդաշատ վայրերում իրազեկում են իրականացրել ՃԿՊԱ հրահանգիչներին ու ուսանողները։
Գրականությունը շուտով հասանելի կլինի Դիմակայունության գրադարանում։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը