Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, մագիստրոսի կրթական ծրագրի ուսանող, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, WBF վարկածով բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը Մոսկվայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային երեկոյի ընթացքում տարել է հերթական հաղթանակը: Փորձառու մարզիկ Իսլոմբեկ Մոմինովի հետ մենամարտում Յուրին զիջել է առաջին ռաունդում, երկրորդում՝ հավասարեցրել հաշիվը, երրորդում՝ տեխնիկական նոկաուտով դարձել WBL և WBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն:
Մեզ հետ զրույցում ՃԿՊԱ դասախոսը նշեց՝ սա շատ կարևոր հաղթանակ էր: Բռնցքամարտի արդյունքը երբեք կանխատեսել հնարավոր չէ. այն, ինչ արել ես մարզասրահում, պարզ երևում է ռինգում: Ամեն պարապմունքը հոգեբանական թեստ է, լինում է՝ վնասվածքով ու գլխացավով տուն ես վերադառնում: Բայց քանի որ նպատակ ունես, շարունակում ես պայքարել: «Իսլոմբեկ Մոմինովի հետ մենամարտի ժամանակ, երբ ամեն ինչ անելանելի էր թվում, դահլիճում նստած հայերը բղավում էին՝ հարվածի՛ր: Ես գիտեի, որ բարկությունը ոչ մի լավ բանի չի բերի․ հարվածելու համար պետք է սպասել հարմար պահի: Բռնցքամարտը շախմատի պես է՝ պետք է երկար մտածես ու կարևորը՝ հավատաս ինքդ քեզ»,- իր խոսքն ամփոփեց Յուրի Սաքունցը:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը