Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործընկեր «Հայաստան խաղաղություն նախաձեռնություն» (Armenia Peace Initiative` API) կազմակերպությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում անցկացրեց «Առաջին օգնության տարրեր» թեմատիկայով դասընթացն անցած կամավորների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Ներկա էր նաև ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը։ Նա հետևեց առաջին օգնության դասի ընթացքին, գնահատեց խմբի պրակտիկ աշխատանքը, պատասխանեց մասնակիցների հարցերին, իսկ միջոցառման ավարտին համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի հետ շնորհեց հավաստագիր Բերդ համայնքի և Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի 22 կամավորի։
«Հաշվի առնելով ցանկացողների մեծ թիվը՝ Բերդում կանցկացվի առաջին օգնության ևս 2-3 դասընթաց։ Համայնքի ղեկավարության հետ նաև քննարկել ենք, թե աղետների ռիսկի նվազեցման ինչ միջոցառումներ կարելի է կազմակերպել երիտասարդների ներգրավմամբ»,- ասաց Ա․ Հայրապետյանը։
Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առևտրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Չոբանյանի խոսքով՝ սահմանամերձ համայնքներում անվտանգության վերաբերյալ ցանկացած դասընթաց կարևոր է, քանի որ այսօրվա մարտահրավերները հենց քաղաքացիներն են լուծում։ Իսկ դա հնարավոր է միայն գիտելիքի ու հմտությունների շնորհիվ։ Ուսուցման բոլոր մեթոդներն ու ձևաչափերը ողջունելի են։
«Սահմանամերձ լինելը մեր առավելությունն է։ Տավուշցի երիտասարդներն ուժեղ են, հպարտ, որ հենց այստեղ են ապրում։ Համայնքապետարանին կից երիտասարդական խորհուրդ ենք ստեղծել և ցանկանում ենք նոր ծրագրեր իրագործել։ Որքան ներդրում անենք երիտասարդության հարցերում, այնքան ավելի ուժեղ պետություն կունենանք»,- ամփոփեց Գևորգ Չոբանյանը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Գևորգ ՉՈԲԱՆՅԱՆԸ