Օգոստոսի 15-ին համագործակցության հուշագիր կնքվեց ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ֆրանսիական «Հայաստան խաղաղություն նախաձեռնություն» (Armenia Peace Initiative` API) կազմակերպության միջև։ Երկու կառույցներն ապրիլից համատեղ ծրագիր են իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում՝ բնակիչներին ուսուցանելով առաջին օգնության հմտություններ։  

Դասընթացների բովանդակությունը մշակվել է ՃԿՊԱ  կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի հետ համատեղ՝ հաշվի առնելով համայնքներում առկա ռիսկերն ու կարիքները։

API-ի տնօրեն Թալին Փափազյանի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանը դարձնել պակաս խոցելի արտաքին մարտահրավերների հանդեպ։ «Շեշտը դնում ենք մարդկային անվտանգության, այդ թվում՝ կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման վրա։ Եթե անվտանգությունը բավարար չէ, «խաղաղություն» հասկացությունը վերացական է դառնում։ Մենք սահմանամերձ համայնքների բնակիչներին սովորեցնում ենք կյանքի հմտություններ, նրանք հասկանում են, որ այս գործում յուրաքանչյուրի դերն ու ներդրումը կարևոր են»,- ասաց Թ․Փափազյանը։

ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հավելեց՝ նախատեսվում է երկարաժամկետ համագործակցություն, որն օգտակար կլինի նաև Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Կարևորելով իրազեկվածության բարձրացման գործում ներգրավված տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքը՝ Ա․ Հայրապետյանը շեշտադրեց հատկապես այս ծրագրի բովանդակային կողմը՝ հստակ օրակարգ և ժամկետներ, իսկ հիմքում՝ աղետների ռիսկի կառավարման ֆրանսիական լավագույն փորձը։ Այն կարող է օրինակ ծառայել մյուս նախագծերի համար․ «Որպես աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող՝ կարող եմ ասել, որ այս համագործակցությունն ունի նույն առաջնահերթությունը՝ հզորացնել համայնքները, բարձրացնել դիմակայունությունը, օգնել մարդկանց հասկանալու իրենց ներուժը, նրանց դարձնել ինքնավստահ և ինքնուրույն։ Մենք ձեզ հետ ենք՝ ձեռք ձեռքի տված»։

Նա նաև տեղեկացրեց, որ ակադեմիան առաջիկայում բնակչության ուսուցման ուղղությամբ մի շարք անելիքներ ունի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝ ակադեմիան ակտիվ ներգրավվելու է սահմանամերձ համայնքներում տարբեր թեմաներով ուսուցման գործընթացին։ Բացի դրանից՝ մշակվում է GIS հենքով տվյալների բազա, որտեղ կտեղադրվի ամբողջական տեղեկություն ՃԿՊԱ դասախոսների ուսուցողական այցերի և դրանց արդյունքների վերաբերյալ։ Քարտեզագրումը կօգնի ավելի լավ հասկանալ համայնքների կարիքները, լրամշակել աղետների ռիսկի կառավարմանը և բնակչության պաշտպանությանն առնչվող թեմաները։

API-ի ներկայացուցիչ Պատրիկ Ապրիլի հետ զրուցեցինք Տավուշում առաջին օգնության դասընթացների արդյունավետությունից։ Դասընթացները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից։ Առաջին փուլը փորձառական էր՝ հասկանալու համար թիրախային խմբերը։ Արդեն ապրիլից ծրագրին ներգրավվել է ՃԿՊԱ-ն։

Առայսօր առաջին օգնության դասեր է անցել 218 քաղաքացի, որոնց 69 տոկոսը կանայք են։ Ուսուցումը երկօրյա է, խմբերը՝ 20-հոգանոց։ Տեղացի հրահանգիչներին վերապատրաստել է Ֆրանսիայից ժամանած փորձառու մասնագետը։ Կամավորների առջև դրվում է մեկ պայման՝ միշտ լինել հասանելի, անհրաժեշտության դեպքում կիրառել առաջին օգնության հմտությունները, ճգնաժամային իրավիճակում օգնել համայնքային բուժկենտրոնի կամ ամբուլատորիայի աշխատողներին։

Պատրիկ Ապրիլը նաև նշեց, որ կամավորների թվում կան փրկարարական և բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։ «Շատ ուրախ եմ, որ մենք և ակադեմիան նույն գաղափարն ենք կիսում, նույն աշխատաոճն ունենք։ Հաջորդ դասընթացներն անցկացվելու են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում»,- ամփոփեց ներկայացուցիչը։

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում կկայանա կամավորների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Մանրամասներին կանդրադառնանք։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ