Օգոստոսի 14-ին կայացավ Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանի մամուլի ասուլիսը։ Թեման վերջին շրջանում Հայաստանում գրանցված երկրաշարժերի ինտենսիվությունն էր և ձեռնարկվող միջոցառումները։
Ներկայացնում ենք ասուլիսի կարևոր շեշտադրումները՝
- Հայաստանը համարվում է սեյսմոակտիվ գոտի, և երկրաշարժերը բնորոշ երևույթ են մեր տարածաշրջանի համար։
- Օրական ՍՊՏԾ սեյսմոլոգիական ցանցը գրանցում է 3-4 թույլ երկրաշարժ, բայց հանրայնացվում են միայն այն սեյսմիկ իրադարձությունները, որոնք զգացել է բնակչությունը։
- Երկրաշարժի կանխատեսումն ամբողջ աշխարհում խնդրահարույց հարց է՝ չնայած օրեցօր կատարելագործվող գործիքակազմին։
- Հայաստանի տարածքը փոքր է, իսկ սեյսմիկ ալիքի տարածման արագությունը՝ մեծ։ Ուստի վաղ ազդարարման բոլոր ձևաչափերը չեն կարող լիովին ապահովել բնակչության անվտանգությունը։
- Հայաստանում սեյսմիկ իրադարձությունների գրանցումները սկսվել են 1960-ականներից։ Սակայն պատմական շրջանից մատենավարումը և տվյալների հարուստ բազան թույլ են տալիս կատարել ավելի մեծ ճշտությամբ երկարաժամկետ կանխատեսումներ։
- 2016-2018 թթ․ Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի 1:500 000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի հիման վրա մենք այսօր ունենք սեյսմակայուն շինարարության նոր նորմեր։
- Բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ երկրաշարժի վերաբերյալ բազմակողմանի տեղեկություն հավաքելու գործում՝ LastQuake բջջային հավելվածի միջոցով։ Ի դեպ, 2021 թվականից այն հասանելի է հայերեն:
- Ուժեղ երկրաշարժերի կրկնելիությունը 100-ից մի քանի հարյուր տարի է։ Այս պահին նման վտանգ չկա։
Օգոստոսի 12-ին Մարտունի համայնքի տարածքում գրանցված երկրաշարժի հետևանքների մասին խոսեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Այս պահին Գեղարքունիքի մարզում ձևավորված հանձնաժողովը, փրկարար ծառայության հետ համատեղ, իրականացնում է հետևանքների գնահատման աշխատանք։ Ճաքեր են առաջացել բնակելի տներում, գոմերում, Մարտունի համայնքի նախակրթական և հանրակրթական որոշ հաստատություններում։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները՝ հեղինակի