Հուլիսից ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոսները Սևանա լճի հանրային լողափերում իրականացնում են անվտանգության մասին իրազեկում անօդաչու թռչող սարքով:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանի խոսքով՝ լողասեզոնի սկզբից մինչ օրս գրանցվել է 11 ջրափրկարարական կանչ, որոնցից 7-ը՝ խափանված ջրային տեխնիկան քարշակելու և ափ մոտեցնելու վերաբերյալ: Փրկվել է 10 մարդ: Սապ վարող ևս մեկ քաղաքացի դուրս է բերվել անվտանգ վայր:
Ջրափրկարարներն օգնության են հասել ջրահեղձվող 3 քաղաքացու. երկուսն անցել էին լողանշանները և ափ վերադառնալ չէին կարողանում, երրորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Երեքն էլ փրկվել են արագ արձագանքման շնորհիվ:
Խոսելով այս տարի հանրային լողափերում արտակարգ դեպքերի թվի նվազումից՝ ՃԿՊԱ դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Մարտիրոսյանը նկատեց՝ թե՛ ջրային պարեկների ներկայությունը, թե՛ լողալու համար թույլատրելի տարածքի նոր սահմանազատումը մարդկանց ավելի զգուշավոր են դարձրել։ Մեծամասնությունը չի անցնում լողանշանները։ Բացի դրանից՝ այս տարի լճի ափամերձ հատվածները մաքրվել են քարերից ու աղբից, ինչն ավելի անվտանգ է դարձնում տեղաշարժը։
«Անվտանգության վարքականոնի վերաբերյալ փրկարարների և ջրային պարեկների իրազեկման տեքստը գրեթե նույնացվել է և թարգմանվել 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Նախորդ տարիներին, երբ դրոնն օդ էր բարձրանում, զբոսաշրջիկները չէին հասկանում՝ ինչ է հաղորդվում, և խուճապ էր առաջանում։ Այս տարի բոլորին հասանելի լեզուներով մանրամասն ներկայացնում ենք հնարավոր վտանգները»,- ասաց փրկարարը։
Տարիների փորձը ցույց է տվել, որ դրոնով իրազեկումը միշտ գրավում է մարդկանց ուշադրությունը։ Շատերը տեսանկարահանում են փրկարարների աշխատանքն ու տեղադրում սոցցանցերում, ոմանք նույնիսկ մոտենում են և հարցեր ուղղում հեռակառավարվող սարքերի վերաբերյալ։
Իրազեկման գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբեր։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է ՃԿՊԱ դասախոս Հարություն Ղազարյանը