Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, իր շնորհավորանքն է հղել ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը.
«Սիրելի՛ երիտասարդներ,
Աղետների ռիսկի նվազեցման գործընթացը համարվում է պետության առաջնահերթ պարտականություն իր բնակչության նկատմամբ։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը և Միավորված ազգերի կազմակերպության բոլոր կառույցները, որոնք ներգրավված են ռիսկի նվազեցման աշխատանքներում, միաբերան շեշտում են, որ պետությունն այս ամենը մենակ անել չի կարող։ Նրան սատարել է պետք։
Ապահով և դիմակայուն հասարակություն ստեղծելու հարցում ամենակարևոր ներուժը երիտասարդությունն է, որը պետք է կանգնի պետության կողքին։ Որպես Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող՝ ինձ համար չափազանց կարևոր է նախ հնարավորինս իրազեկել, որ աշխարհի մակարդակով տարբեր ծրագրերում երիտասարդների ընդգրկվելու բազմաթիվ ձևաչափեր կան։ Մյուս կողմից՝ իր բնական գոյությամբ, զարգացման ու աճի տեմպով հասարակության հետ կենսական կապ ունեցող առաջնային ռեսուրսը հենց երիտասարդությունն է։ Պատանեկությունից մինչև հասուն տարիք ընկած շրջանն այն ոսկե ժամանակն է, երբ անձն աճման, հոգևոր, մտավոր և ֆիզիկական կառուցման փուլում է։ Եվ առհասարակ նրա կյանքում տեղի ունեցող բոլոր գործընթացները տանում են դեպի աճ, ոչ թե՝ անկում։ Ուրեմն երիտասարդները պետք է գիտակցեն, որ ունեն բնությունից և տիեզերքից տրված բացառիկ հնարավորություն՝ արարելու և առաջընթաց ապրելու։ Սա նվաճումների և մեծ թռիչքների ժամանակաշրջան է։
Ցանկանում եմ շնորհավորել բոլոր հայ երիտասարդներին և կոչ անել իրենց «ոսկե» ժամանակի ամեն վայրկյանն օգտագործել անձնական կարողությունների զարգացման համար, լինել գիտակից և ներդրում ունենալ դիմակայուն հայրենիք կերտելու գործում։
Որպես դերակատար՝ ինքս մասնակցում եմ մի շարք երիտասարդական նախաձեռնությունների։ Բայց դրանք քիչ են. մեզ պետք են բոլորը։ Երջանիկ եմ, որ կարողանում եմ մեր երիտասարդությանը փորձ ու գիտելիք փոխանցել։
Կրկին շնորհավորելով բոլորին՝ ուզում եմ ասել, որ դուք՝ յուրաքանչյուրդ իր ժամանակի մեջ, այն ոսկե սերունդն եք, որ կերտելու եք հայրենիքի իրական պատկերը։
Մենք ուժեղ ենք մեր երիտասարդությամբ և ցանկանում ենք ունենալ գեղեցիկ ու ապահով հայրենիք»։