ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան առկա և հեռակա ուսուցմամբ իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագիր հետևյալ մասնագիտություններով՝
- Կառավարում (ճգնաժամային կառավարում),
- Հոգեբանություն (աղետների հոգեբանություն),
- Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (փրկարարական գործ),
- Իրավագիտություն (ճգնաժամային իրավունք),
- Նախնական զինվորական պատրաստություն (կենսագործունեության անվտանգություն),
- Կիրառական սեյսմոլոգիա:
Մագիստրոսական կրթական ծրագրի բովանդակությունը մշակված է այնպես, որ սովորողն ունենա մասնագիտական աշխատանքին կամ ուսման բնագավառին առնչվող նեղ մասնագիտացված, արդիական թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ։ Դրանք անհրաժեշտ են՝
- նոր հայեցակարգեր և սկզբունքներ մշակելու,
- որպես անկախ ուսումնասիրող, հետազոտական խմբի ղեկավար կամ անդամ՝ ակադեմիական և գործնական ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու,
- տեղեկատվական արդի տեխնոլոգիաներ կիրառելու,
- բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումը շարունակելու համար՝ հիմնվելով ձեռքբերած մասնագիտական գիտելիքի, կարողությունների և հմտությունների վրա։
Ճգնաժամային կառավարման մագիստրոսը կարող է ՝
- հետազոտել, գնահատել, մեկնաբանել տնտեսական տարբեր երևույթներն ու գործընթացները, տիրապետել բնագավառի յուրահատուկ հետազոտական մեթոդներին, աղետների ռիսկի կառավարման գործընթացներին, անվտանգության մշակույթի ձևավորման հիմնախնդիրներին,
- գիտահետազոտական հաստատություններում, կազմակերպություններում և ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում կատարել ճգնաժամային կառավարման գիտատեսական ու գիտագործնական բնագավառներին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, վերլուծություններ, մասնագիտական տարբեր խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:
Հոգեբանության մագիստրոսը կարող է՝
- հետազոտել, գնահատել, մեկնաբանել և ամրապնդել մասնագիտական գիտելիքները, կարողությունները,
- յուրացնել մանկավարժության և հոգեբանության հնարքներն ու տեխնոլոգիաները, զարգացնել և գործնականում կիրառել գիտամանկավարժական հմտությունները,
- հոգեբանական թեստավորման սարքի օգնությամբ ուսումնասիրել հետազոտվողի հոգեվիճակը, մոտիվացիան, բազմագործոն անձնային որակները, անձնային մասնակի հատկանիշները, հոգեկան առողջությունը, ներընտանեկան հարաբերությունների վիճակը, խմբում միջանձնային հարաբերությունները, որոնք կարևորվում են արտակարգ իրավիճակներում խմբային աշխատանքների ժամանակ և այլն,
- անձի հոգեբանական խնդիրների ախտորոշման արդյունքում արդյունավետ աշխատել նրա հետ՝ կանխարգելելով և՛ ներանձնային, և՛ միջանձնային խնդիրներն ու դրանց զարգացումը։
Փրկարարական գործի մագիստրոսը կարող է՝
- իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ հավանական արտակարգ իրավիճակի և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և այլ աշխատանքների նկարագրման, գնահատման ուղղությամբ,
- տիրապետել տեղեկույթի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին, ոլորտին վերաբերող ժամանակակից տեսություններին, հետազոտությունների պլանավորման, կազմակերպման և ղեկավարման, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքների գնահատման, փրկարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մոնիթորինգի և արդյունքների կանխատեսման մեթոդներին, քաոսի կառավարման մեխանիզմներին՝ կապված արտակարգ իրավիճակների առանձնահատկությունների հետ:
Իրավագիտության մագիստրոսը կարող է՝
- հետազոտել, գնահատել, մեկնաբանել օրինաստեղծ, իրավակիրառական տեխնիկայի հիմունքները, կանոնները, սահմանադրական, ճգնաժամային, միջազգային մարդասիրական օրենսդրության ոլորտներում դրանց կիրառման առանձնահատկությունները՝ հատկապես արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների ժամանակ բնակչության պաշտպանության մասով,
- գիտահետազոտական հաստատություններում, կազմակերպություններում, ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում կատարել ճգնաժամային իրավունքի գիտատեսական և գիտագործնական բնագավառներին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, վերլուծություններ, մասնագիտական տարբեր խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ՝ օգտագործելով արդի իրավագիտության գործիքային միջոցները,
- արդյունավետ աշխատել և՛ որպես անկախ ուսումնասիրող, և՛ որպես հետազոտական խմբի ղեկավար կամ անդամ,
- իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գործնական ոլորտներում, ինչպես նաև կիրառել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներ, դրսևորել քննադատական մոտեցում մատուցվող տեղեկույթին՝ տրամաբանորեն հիմնավորելով իր տեսակետները:
Կենսագործունեության անվտանգության մագիստրոսը կարող է՝
- կարճ ժամանակում ստանալ մասնագիտական համապատասխան որակավորում, եթե չունի մասնագիտական կրթություն նախնական զինվորական պատրաստության ոլորտում,
- որպես պաշտպանության, ներքին գործերի, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պահեստազորի սպա՝ մասնագիտական կրթություն ստանալ և համալրել հանրակրթական դպրոցների համապատասխան հաստիքը,
- ակադեմիայում ստացած գիտելիքով խոշոր աղետների դեպքում ձևավորել բնակչությանը աջակցություն ցուցաբերելու կայուն համակարգ։
Կիրառական սեյսմոլոգիայի մագիստրոսը կարող է՝
- հետազոտել, գնահատել սեյսմիկ վտանգի տարբեր երևույթները, տիրապետել բնագավառի յուրահատուկ հետազոտական մեթոդներին՝ կապված սեյսմիկ վտանգի քարտեզագրման, GIS համակարգերի կիրառման, սեյսմիկ ռիսկերի մոդելավորման, սեյսմիկ ռիսկի գնահատման համար տեղեկատվական բազաների ձևավորման, սեյսմիկ ռիսկի հետ կապված տեղեկույթի մշակման տեխնոլոգիաների կիրառման և այլ վերլուծական ու տեղեկատվական գործընթացների հետ,
- նորագույն թվային թեքաչափով և թվային նոր տեխնիկական սարքավորումներով կատարել ստորգետնյա ջրի մակարդակի, հորատանցքի մթնոլորտային ճնշման ու ջերմաստիճանի տվյալների ուսումնասիրություն՝ կապված անավարտ կամ ավարտուն երկրաֆիզիկական, հիդրոերկրաքիմիական, հիդրոերկրաբանական և այլ դաշտերի անոմալիաների կամ սեյսմածին գործընթացների հետ,
- հավաքագրել, մշակել ու գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, առանձնացնել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը՝ այն օգտագործելով տարածքի սեյսմիկ ռեժիմի և ռիսկի գնահատման գործառույթներում:
Մանրամասների համար զանգահարել՝
հեռ. 060․ 69-10-00/203, 208։