Հուլիսին ավարտվել է Acted Armenia միջազգային մարդասիրական կազմակերպության «Վերակառուցելով կյանքը․ մարդասիրական աջակցություն ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերին» ծրագիրը` Start Fund ցանցի ֆինանսավորմամբ, People In Need բարեգործական կազմակերպության և Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական կամավոր ջոկատի համագործակցությամբ։ Նպատակն էր հրատապ մարդասիրական աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած տնային տնտեսություններին՝ թիրախավորելով հիմնականում Նոյեմբերյան, Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքները։

Ծրագրով նախատեսված 45 օրվա ընթացքում իրականացվել է հետևյալը՝

  • Բաշխված դրամական կտրոններով 210 տնային տնտեսություն ձեռք է բերել շինանյութ և կենցաղային պարագաներ, 300-ը՝ հիգիենիկ և խոհանոցային պարագաներ։
  • 500 տնային տնտեսության տրամադրվել է 500 ջրի ֆիլտր։
  • Անցկացվել է «Մաքուր ջուր, հիգիենա և առողջություն» խորագրով դասընթաց՝ մանկապարտեզի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար։
  • Իրականացվել է անվտանգության կանոնների ուսուցում՝ լեռնային գետերի, ջրհեղեղների, սելավների և սողանքների ժամանակ հեղեղումների թեմատիկայով։
  • Փրկարարների համար անցկացվել է լեռնային գետերի հատման, գետերի գետանցների կազմակերպման և բնակչության տարհանման վերաբերյալ մասնագիտացված սեմինար։ Գործնական մասը ներառել է աշխատանքներ պարանով և այլ միջոցներով։ Կիրառվել են նաև հեռակառավարվող սարքեր:
  • Ալավերդի համայնքի հեղեղված գոտիներում իրականացվել է բնակիչների իրազեկման արշավ՝ հուշաթերթիկների բաշխման և հանդիպումների միջոցով:

Ուսուցման և իրազեկման գործընթացի պատասխանատուն «Լոռէ» փրկարար ջոկատն էր, որի անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներն են։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ դասախոսական անձնակազմն առաջին օգնության դասեր է իրականացրել նախակրթարանների աշխատակիցների հետ և վերանայել այս կառույցների աղետների ռիսկի նվազեցման պլանները։ Մասնագետների դիտարկումներն ու առաջարկները պարտադիր հաշվի կառնվեն։ Բացի դրանից՝ հեռակառավարվող սարքերի օգնությամբ գետնանցի կազմակերպումը շատ կարևոր փորձ է եղել կամավորական արձագանքող թիմերի համար։

Ծրագրում իրենց ներդրումն են ունեցել նաև ՃԿՊԱ ուսանողները։ Նրանք օգնել են մանկապարտեզներում խաղային ուսուցման կազմակերպման հարցում, ինչպես նաև մասնակցել իրազեկման աշխատանքներին։

Ծրագրի շրջանակում տպագրված գրականությանը կանդրադառնանք հաջորդիվ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Լոռէ» փրկարար ջոկատի ֆեյսբուքյան էջից