Օգոստոսի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեցին 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության քննությունները։ Բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ 6 մասնագիտության գծով քննությանը մասնակցում էր մոտ 200 դիմորդ։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, ողջունելով ապագա ուսանողներին, նշեց․ «Դուք պետք է գիտակցեք, որ «զինվորագրվում» եք մի շատ կարևոր ոլորտի։ Երբ մեկ անգամ ներգրավվում ես աղետների ռիսկի կառավարման գործում, այն դառնում է առաքելություն։ Ուսման ընթացքում լինելու ենք խստապահանջ, բայց և աջակցելու ենք ձեզ ցանկացած հարցում։ Հուսով եմ ձեզ կրկին հանդիպել սեպտեմբերի 1-ին»։
Քննությունից առաջ ճեպազրույց ունեցանք դիմորդների և նրանց ծնողների հետ։ Սոնյա Ավագյանը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ է։ Անվտանգության ոլորտով սկսել է հետաքրքրվել փրկարար հոր շնորհիվ։ Ասում է՝ նրանից շատ հատկանիշներ է ժառանգել՝ նպատակասլացությունը, կառավարման հմտությունները, անմիջականությունը։ «Արտակարգ իրավիճակների մասին գիտելիքը մեզ առօրյայում շատ անհրաժեշտ է։ Միջին մասնագիտական կրթական ծրագրում ստացած գիտելիքը փոխել է իմ պատկերացումները։ Հասկացել եմ, որ եթե փրկարար ես, պետք է ամեն ոլորտից գաղափար ունենաս։ Մեծ է ցանկությունս առաջիկա չորս տարում ակադեմիայի շնորհիվ կապեր ստեղծել այլ բուհերի ուսանողների հետ, միասին համատեղ ծրագրեր անել»,- հավելեց Սոնյան։
Մելինե Սարգսյանը միշտ սիրել է զինվորական գործը։ Բուհից ակնկալիքները շատ են, առաջին հերթին՝ բազմակողմանի գիտելիքի առումով, որը հետագայում թույլ կտա ոլորտում գտնել իր տեղը։ Բնավորությամբ կարգապահ է, գիտակցում է ուսադիր կրելու և ծառայության ողջ պատասխանատվությունը։ Զբաղվում է երգով ու նկարչությամբ, ցանկանում է ակադեմիայի մշակութային կյանքի մասը դառնալ։
Միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ Մերուժան Սարգսյանը դիմել է հեռակա ուսուցման համար, քանի որ արդեն աշխատանք ունի։ Ընտրել է կառավարման մասնագիտությունը, լիահույս է, որ մի օր հենց այս ուղղությամբ կարիերա կստեղծի։ Ուսումնառության երեք տարիները շատ բան են տվել՝ գիտելիք, ընկերներ, հիշարժան ակնթարթներ։
20-ամյա Գրիգոր Փիրումյանը բանակից զորացրվելուց հետո հստակ որոշել էր՝ շարունակելու է ակադեմիայում կիսատ թողած ուսումը։ Ծառայելով տարբեր սահմանամերձ զորամասերում՝ հասկացել է, որ մասնագիտության ընտրության հարցում չի սխալվել։
Ստեփանավանից Անուշ Մաճկալյանի մայրը՝ Անի Կոստանդյանը, նշում է՝ դուստրը գերազանցությամբ ավարտել է ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազան։ Չնայած բնավորությամբ փխրուն է, բայց երբ հարցը վերաբերում է գիտելիքին, չափազանց պատասխանատու է։ Զինվորական հայրն է այդպես սովորեցրել։
Թալինից Մարի Ալեքսանյանի հայրը՝ Տիգրան Ալեքսանյանը, փրկարար ծառայության նվիրյալներից է։ Կառույցի կազմավորման սկզբից աշխատում է համակարգում։ Իրինա Մինասյանի խոսքով՝ Մարին մեծացել է՝ հայրիկի ջոկատի անցուդարձին հետևելով։ Որպես փրկարարի ընտանիք՝ սեփական մաշկի վրա են զգացել նրա աշխատանքի և սպասումի ծանրությունը՝ հատկապես անտառային հրդեհների ժամանակ։ Վստահ է, որ դուստրն ունի փրկարար լինելու բոլոր կամային հատկանիշները և պարտադիր կհաջողի այս գործում։
Արմեն Սարգսյանը Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդներից է, հերթապահությունից ազատ օրը եկել է՝ ուղեկցելու եղբոր և ընկերոջ զավակներին։ Հաճախ է նրանց օգնում իր խորհուրդներով։ Ասում է՝ այսօրվա սերունդը հզոր է՝ հատկապես կազմակերպչական առումով։ Իսկական փրկարարներ են մեծանում, որոնք վստահաբար շենացնելու են հայրենիքը։