Լույս է տեսել «Քաղաքացիական պաշտպանության արդի հարցեր» խորագրով ուսումնական ձեռնարկը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի և գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հեղինակմամբ։

Ձեռնարկն անդրադառնում է ժամանակակից պատե­րազմներում կիրառվող զենքերին, զինատեսակներին, դրանց զարգաց­ման միտումներին, քաղաքացիական պաշտպանության կառավարման էությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներօն ու քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգին։ Նախատեսված է ոչ միայն ՃԿՊԱ ուսանողների, այլև վերապատրաստվողների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների համար:

«Խնդիրը նրանում է, որ քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգում նորույթներ են պետք, և մենք չենք կարող կիրառել հին մեթոդները ժամանակակից պատերազմներում, որոնք փոխել են իրենց բնույթը թե՛ զինատեսակների, թե՛ մարտավարության տեսակետից։ Օրինակ՝ տեղեկատվական զենքը, որից բնակչությանը պաշտպանելու ձևը չգիտենք»,- մանրամասնում է Համլետ Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ միջազգայնորեն ընդունված նորմերով այսօր մարդն իրավունք ունի ազատ տիրապետելու և փոխանցելու ցանկացած տեղեկույթ, և դրանից առաջանում է ապատեղեկատվության տարածման վտանգ, որը խնդիր է հատկապես բովանդակային ընկալման տեսանկյունից։ Այս պարագայում տեխնիկական անվտանգությունը բավարար չէ, անհրաժեշտ է աշխատել մարդկանց հոգեբանության հետ՝ հնարավոր խուճապը կանխելու համար։

Թերի է նաև քաղաքացիական պաշտպանության օրենսդրական դաշտը, որը պարբերաբար պետք է թարմացնել՝ ժամանակի պահանջներից և պետության շահերից ելնելով։ Հ․Մաթևոսյանը մատնանշում է, օրինակ, ինժեներական ապահովումը, որը չպետք է դիտարկվի որպես առանձին միջոցառում։ Ինժեներական, նյութական, կենսապահովման, կադրերի և տեխնիկական ապահովումը պետք է լինի բոլոր ՔՊ միջոցառումների պարտադիր բաղադրիչ։ «Սա գիտություն է իր օրենքներով ու մոտեցման ձևերով։ Մենք անընդհատ երկու բան ենք ուսուցանում՝ տարհանում ու պատսպարում։ Բայց մարդու պաշտպանությունը միայն դա չէ։ Մարդը ռոբոտ չէ․ նա պաշտպանված է, եթե չկա վտանգ, եթե նա ունի համապատասխան գիտելիք ու պատրաստվածություն, եթե կրում է անվտանգության մշակույթ ու մտածողություն։  Պետք է աշխատել այս ուղղությամբ»,- ամփոփում է  հեղինակը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ