Հուլիսի 30-ից գործարկվել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի wwwdimord.emis.am հայտագրման համակարգը, որում ներկայացված է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։

2024-2025 ուսումնական տարում ակադեմիան միջին մասնագիտական կրթական ծրագրով (քոլեջ) իրականացնում է ուսուցում 6 մասնագիտությունների գծով՝

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում,
  • Հրդեհային պաշտպանություն,
  • Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
  • Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում,
  • Պաշտպանական կառույցների շահագործում,
  • Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում։

Ուսուցման տևողությունը 3 տարի է։ Պետությունը հատկացրել է ընդհանուր 140 անվճար տեղ։

ՃԿՊԱ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ առցանց ընդունելությունը կտևի մինչև օգոստոսի 17-ը։ Հայտագրումը բավականին հեշտացել է, քանի որ դիմորդները կարողանում են անմիջապես սմարթֆոնից համակարգում վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։

«Մեր միջին մասնագիտական կրթական ծրագիրը հագեցած է, ուսանողներն ունենում են բազմաթիվ արտալսարանային այցեր, մասնակցում տարբեր տեղական ու միջազգային ծրագրերի։ Լավ և գերազանց  առաջադիմությամբ շրջանավարտները կարող են ուսումը շարունակել բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում»,- հավելեց պրոռեկտորը։

Մանրամասների համար զանգահարել 060 69 10 00/203, 208 հեռախոսահամարներով։