ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսին կազմակերպվել է վերապատրաստման 5 դասընթաց, որոնց մասնակցել է 90 ունկնդիր՝ նախարարությունների, գերատեսչությունների և քաղաքապետարանների աշխատակիցներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի տեղակալներ, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, տնօրեններ և այլք:

   Կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետևյալ զեկույցները՝

  • Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը,
  • Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը,
  • Երեխաների անվտանգության մշակույթի ձևավորման հարցերը և այլն:

   Ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թադևոսյանի հետ խոսեցինք նաև ֆրանսիական «Խաղաղություն Հայաստան նախաձեռնություն» (Armenia Peace Initiative) ոչ առևտրային կազմակերպության հետ համագործակցության արդյունքներից։

   Ապրիլից API-ը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար իրականացնում է «Առաջին օգնության տարրեր» թեմատիկայով դասընթացներ։ Բովանդակությունը մշակվել է ՃԿՊԱ դասախոսների հետ համատեղ՝ հաշվի առնելով համայնքներում առկա ռիսկերն ու կարիքները։ Ծրագիրը կավարտվի նոյեմբերին, որով նախատեսվում է 11 սահմանամերձ բնակավայրում վերապատրաստել տարբեր տարիքային խմբերի շահառուների՝ դպրոցների ու մանկապարտեզների անձնակազմներ, բուժաշխատողներ, «Առաջին օգնության» խմբակում ներգրավված դպրոցականներ, բնակիչներ և այլն։

   Դ․ Թադևոսյանի խոսքով՝ նախընթաց երեք ամսվա ընթացքում վերապատրաստվել է Այգեձոր, Չինարի, Չորաթան և Արծվաբերդ բնակավայրերի 104 բնակիչ։

   «API-ի ներկայացուցիչ Պատրիկ Ապրիլը հավաստագրի հետ նաև առաջին օգնության պարագաներ է նվիրում շահառուներին։ Հարցումները ցույց են տվել, որ սահմանամերձ համայնքներում դրանց կարիքը կա։  Վարչական ղեկավարներից մեկի խնդրանքով՝ դասընթացն իրականացվել է նաև երկրորդ փուլով, քանի որ մասնակցել ցանկացողները շատ են եղել։ Ծրագրի հաջորդ տարածաշրջանը Գեղարքունիքի մարզն է»,- ամփոփեց դեկանը։

   Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Պատրիկ ԱՊՐԻԼԸ