Հունիս ամսին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝

  • Հեծանվային արշավ՝ «Տեղագրում և կողմնորոշում» առարկայի շրջանակում։ Մասնակցել են «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները։ Նպատակն էր GPS համակարգերի օգնությամբ մշակել, գծագրել ու քարտեզագրել «Ստեփանավանի ճեմուղի-Մայորի ձոր-Լոռե բերդ-ամրոց» երթուղին։
  • Գործնական պարապմունքներ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» և «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությունների գծով 2-րդ կուրսի պրակտիկայի շրջանակում (դասախոս՝ Մեսրոպ Հովհաննիսյան): Ուսանողները ծանոթացել են  DJI Mavic, DJI Mavic 2 ENTERPRISE, DJA MATRICA 600 pro և ստորջրյա սարքերին, իրականացրել պարանային աշխատանքներ։
  • Ստեփանավան քաղաքի հարավային հատվածի վտանգների, խոցելիության և կարողությունների գնահատման և քարտեզագրման աշխատանքներ՝ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում» և «Տեղագրում և կողմնորոշում» առարկաների պրակտիկայի շրջանակում (դասախոսներ՝ Արմեն Առաքելյանն, Անժելա Բադալյանը
  • «Վերջին զանգ՝ արտակարգ պայմաններում» խորագրով միջոցառում։ ՃԿՊԱ շրջանավարտներն ու միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանը հանդես են եկել տարբեր կատարումներով։
  • Ուխտագնացություն Սաղմոսավանք և Ծաղկեվանք։

   Ամսվա ընթացքում ամփոփվել են նաև ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների ղեկավարությամբ իրականացված Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետաղետային կարիքների խորքային գնահատման և տվյալների հավաքագրման աշխատանքները, որոնցում ներգրավված են եղել նաև ՃԿՊԱ դասախոսական և ուսանողական կազմերը։ Գնահատումը կատարվել է Տաշիր, Ալավերդի, Քարկոփ և Սանահին համայնքներում՝ «Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման» (Multi-sector Initial Rapid Assessment (MIRA)) գործիքակազմի կիրառմամբ։ ՃԿՊԱ ուսանողները մասնակցել են նաև Լոռու մարզի Սարատովկա բնակավայրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման և տվյալների հավաքագրման աշխատանքներին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ։ Գնահատումն իրականացվում է «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն Հայաստանում» կազմակերպության աջակցությամբ, որը ցանկանում է աջակցել բնակավայրում կամրջի վերականգնմանը:

   Հայկական Կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման թիմերի համար կազմակերպված դասընթացին ներկա է եղել միջին մասնագիտական և բակալավրի կրթական ծրագրերից 6   ուսանող։ Դասընթացն անցկացվել է Աղվերանում՝ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Անժելա ԲԱԴԱԼՅԱՆԸ