Հուլիսի 1-ին մեկնարկեց ամառային լողասեզոնը։ Պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում էին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ղեկավար կազմը և այլն։ Կայացավ հանդիպում փրկարար ծառայության և ջրային պարեկային ծառայության անձնակազմների հետ, որոնք մինչև սեպտեմբեր կապահովեն հանգստացողների անվտանգությունը։
Փրկարար ծառայության մասով՝ Սևանա լճի 3 հանրային լողափում կհերթապահեն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը, իսկ Շողակաթ համայնքի հարակից փրկարարական հենակետում՝ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները։
Անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկման գործում ներգրավված են նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները, որոնք հանգստյան օրերին դրոններով կվերահսկեն տարածքը։
Աշխատանքների համակարգող, փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանի խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ դրոնով իրազեկումը սթափեցում է մարդկանց․ նրանք ենթարկվում են հրահանգներին և շատ չեն հեռանում ափից։ Ջրափրկարարների հետ պարբերաբար կապի շնորհիվ ջրահեղձության դեպքերը պակասել են։
Այդուհանդերձ, մտահոգության տեղիք է տալիս մասնավոր լողափներում անվտանգության հարցը։ «Օգոստոսին մարդկանց մեծ հոսք է լինում թե՛ հանրային, թե՛ մասնավոր լողափներ։ Մենք իրազեկման աշխատանքներ ենք կատարում միայն մեր սպասարկման տարածքում, բայց այդ տարածքից 100 մետր այն կողմ դրա անհրաժեշտությունը ևս կա։ Լավ կլիներ, որ մասնավոր լողափների տերերը համապատասխան գիտելիքով աշխատակիցներ ունենային, որոնք կապահովեին հանգստացողների անվտանգությունը։ Ակադեմիան կարող է աջակցել վերապատրաստման հարցում»,- ասաց Հովհաննես Բադալյանը։
Ակադեմիայի դրոններն օդ կբարձրանան 20 րոպեն մեկ, կկատարվի շուրջօրյա վիդեո և ֆոտո նկարահանում։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ