ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան նոր թռիչքային վարժասարք ունի։ Այն թույլ է տալիս զգալ դրոնի թռիչքի բոլոր նրբությունները՝ առանց օդ բարձրացնելու սարքը։

   Մանրադիտակի, օդամղիչի և տարբեր ամրակալանների (штатив) դետալներից հավաքված այս սարքի շնորհիվ ուսանողները կծանոթանան աերոդինամիկայի օրենքներին, կսովորեն հաշվարկել քամու արագությունն ու ազդեցությունը, պրոպելլերների մղած օդի քանակը, դրոնի թռիչքի հնարավորությունները, եթե դրան ամրացված է փրկարարական կապոց և այլն։ Ընդհանուր առմամբ՝ կհասկանան, թե ինչպես կառավարել դրոնը՝ նախապես ունենալով տեսական գիտելիք անօդաչու սարքեր վարելու սիմուլյացիոն ծրագրի միջոցով։

   Ծրագրավորող Արման Հակոբյանը նշեց, որ վարժասարքի մաս կազմող 4k նկարահանման հնարավորություն ունեցող դրոնը կարող է օգտագործվել նաև հրահանգավորման համար․ «Կարծում եմ, որ այս սիմուլյատորն ավելի լավ պատկերացում կտա՝ ինչ է դրոնը և ինչպես անվտանգ աշխատացնել այն։ Մենք անընդհատ հետևում ենք համաշխարհային միտումներին և փորձում մեր միջոցներով ինչ-որ բան ստեղծել՝ փրկարարական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»։

   Ներկայումս մշակման փուլում է նոր պլաներային վարժասարք, որը նախատեսված է անտառային գոտիների հետախուզության և քարտեզագրման համար։ Ակադեմիան այս փուլում համագործակցում է նաև այլ բուհերի ՏՏ մասնագետների և ավիացիոն ինժեներների հետ։

   Իտալացի գործընկերների հետ քննարկվում է նաև ռոբոտատեխնիկայի վիրտուալ լաբորատորիա ստեղծելու նախագիծը։

   Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ