ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում շարունակվում է ուսումնական պրակտիկան։

   Հունիսի 21-ին «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները գործնական պարապմունք են անցկացրել Լուսակերտի ուսումնական բազայում՝ դասախոսներ Անի Գևորգյանի և Հովհաննես Խաչատրյանի նախաձեռնությամբ: Թեմաներն էին՝

  • տուժածի առողջական վիճակի գնահատում,
  • տեղանքում կողմնորոշում և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում,
  • տուժածի պատգարակում և տեղափոխում,
  • տուժածին առաջին օգնության ցուցաբերում։

   Պարապմունք-վարժանքի նպատակն էր ստուգել «Կառավարում արտակարգ իրավիճակներում» և «Տեղագրություն և կողմնորոշում» առարկաներից յուրացրած տեսական գիտելիքը, ինչպես նաև՝ ուսանողներին փոխանցել պրակտիկ հմտություններ։

   ՃԿՊԱ սաներն առաջին անգամ փորձարկեցին՝ ինչպես ճիշտ մոտենալ տուժածին և հաղորդակցվել նրա հետ, ստուգել նրա շնչառությունն ու անոթազարկը, օգտագործել տարբեր տեսակի լարաններ՝ արյունահոսությունը դադարեցնելու համար, պատգարակել տուժածին, ապահովել անձնական անվտանգությունը տուժածին օգնություն ցուցաբերելիս և այլն։

   Խաղարկվեց երկու սցենար՝

  • Տեղի ունեցած պայթյունի պատճառով տուժածն անգիտակից վիճակում գտնվում է փլատակներում։
  • Արշավական ընտանիքը մոլորվել է լեռան տարածքում՝ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով։ Երեխայի ինքնազգացողությունը վատացել է։

   Տեղում ձևավորվեց օպերատիվ շտաբ՝ համապատասխան գույքով։ Թիրախային հարցերի միջոցով ուսանողները կարողացան ճշտել տուժածների կոորդինատները և փրկարարական խումբ ուղարկել դեպքի վայր։ Երկու սցենարով էլ նախատեսված էր տուժածի դերում օգտագործել մանեքեն, սակայն դասախոսների առաջարկով՝ հենց ուսանողները հանդես եկան որպես տուժած։       Փլատակներում աշխատող խմբի ղեկավարը տեղանքի դժվարանցանելիության պատճառով ընտրեց տարհանման այլընտրանքային ճանապարհ։ Թեև դրանով նախատեսված ժամանակը երկարեց, սակայն տուժածի «կյանքը» հաջողվեց փրկել։

   Վատ ինքնազգացողությամբ «երեխային» տարհանող խմբի աշխատանքում նույնպես դժվարություններ եղան։ Զառիթափ լանջից գլորվող քարերը խանգարում էին տեղաշարժմանը, սակայն խումբը կարողացավ անվտանգ տեղ հասնել։

   Դաշտային շտաբի տարածքում երկու տուժածներին ցուցաբերվեց առաջին օգնություն։

   Վարժանքին հաջորդեց քննարկում թերությունների վերաբերյալ։ ՃԿՊԱ մասագետների խորհուրդներն էին՝

  • Աշխատել թիմով, լսել իրար։ Շտաբի և փրկարարների աշխատանքը պետք է միմյանց փոխլրացնեն, ոչ թե՝ խանգարեն։
  • Ուշադիր լինել փրկարարական գույքին տարհանման ժամանակ կորցնելու հավանականությունը մեծ է։
  • Տեղեկույթի հավաքագրումը կատարել համակարգված՝ անընդհատ կապի մեջ մնալով փրկարարների և այլ արձագանքող ուժերի հետ։
  • Համալրել օպերատիվ շտաբի հարցաթերթը։
  • Ռադիոկապով խոսել կիրթ ու հակիրճ։
  • Տուժածին պատգարակով տարհանելու դեպքում գործընթացի ղեկավար նշանակել ֆիզիկապես ուժեղ անձի։
  • Ունենալ անհատական պաշտպանության միջոցներ և հավելյալ ջրի պաշար։
  • Փրկարարական աշխատանքների ժամանակ ամրացնել կոշիկների քուղերը և այլն։

   Ընդհանուր առմամբ՝ կուրսի տեսական պատրաստվածության մակարդակը բավականին բարձր էր, ինչն օգնեց արագ յուրացնել գործնական հմտությունները։

   Նման դաս-վարժանքները կլինեն շարունակական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի