Հունիսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» թատերախումբն այցելել է Երևանի համար 17 մանկապարտեզ։ «Աղետիկը» ուսուցողական ներկայացման շնորհիվ երեխաները ծանոթացել են անվտանգության կանոններին և սովորել 911 փրկության հեռախոսահամարը։ Այս ուսումնական տարում սա թատերախմբի վերջին հյուրախաղն էր։
Մշակույթի կենտրոնի կրտսեր մեթոդիստ Սուսաննա Աբրահամյանի խոսքով՝ արվեստի միջոցով կրթությունը լավագույն մեթոդն է անվտանգության մշակույթի ձևավորման և աղետների ռիսկի նվազեցման համար։ Ներկայացումը սովորաբար ավարտվում է հարց-պատասխան ձևաչափով, ինչը թույլ է տալիս ավելի ամրապնդել ստացած գիտելիքը։ Նույնիսկ մանկահասակ երեխաները հեշտությամբ կարողանում են բնութագրել՝ ինչ աղետներ կան և ինչպես դրանցից պաշտպանվել։
«Նախորդ տարվանից դերասանների նոր խումբ ենք հավաքել ու փորձերն սկսել զրոյից։ Տաղանդավոր երեխաներ են, կարողանում են լսարանի ուշադրությունն ու համակրանքը շահել։ Նոր ուսումնական տարում նախատեսում ենք ևս մեկ բեմադրություն»,- հավելեց մասնագետը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սուսաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ