ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Օրբելի եղբայրների տուն-թանգարանի համագործակցության շրջանակում՝ օրերս «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի 17 ուսանող իրենց կուրսային աշխատանքները պաշտպանեցին հենց թանգարանում։ Հանձնաժողովի կազմում էին ՃԿՊԱ ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը, փրկարարական ամբիոնի դասախոս, կուրսղեկ Լիլիթ Սահակյանը և ջրափրկարարական ցիկլի պետ, միջազգային կարգի փրկարար Արտակ Էլմասակյանը։

   Աշխատանքների թեմաներն էին՝

  • Ջրասուզական գործ․ նպատակը, խնդիրները, առաջադրանքի կազմակերպման հիմունքները,
  • Ջրասուզական և ջրափրկարարական գույք-հանդերձանք,
  • Ջրասուզական աշխատանքների իրականացումը սառցապատ ջրատարածքներում,
  • Անվտանգության ապահովումն ու կազմակերպումը ջրասուզական ստորջրյա աշխատանքների ժամանակ,
  • Ջրահեղձում, դժբախտ պատահարներ։
  • Կապը ջրասուզակի հետ։ Հասկացություն ջրափրկարարական աշխատանքներում կիրառվող թիավոր և շարժիչավոր նավակների մասին,
  • Հնարավոր ջրասուզական հիվանդությունները, դրանց կանխումը, առաջին բուժօգնությունը դրանց առաջացման դեպքում։
  • Ջրասուզական շնչասարքեր և այլն։

   Արտակ Էլմասակյանն այս միջոցառումը խորհրդանշական համարեց, քանի որ Ռուբեն Օրբելին ստորջրյա հնագետ է եղել, առաջիններից մեկը, ով հնագիտական  սուզումներ է կատարել Խորհրդային Միությունում և մասնակցել հատուկ նշանակության հետախուզական աշխատանքների։

   «Ինքս մեծ համակրանք ունեմ գիտնական Ռուբեն Օրբելու նկատմամբ։ Մեզ համար պատիվ էր ջրասուզական և ջրափրկարարական թեմատիկայով կուրսային աշխատանքները ներկայացնել թանգարանի լավագույն դահլիճներից մեկում։ Այս համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասաց Արտակ Էլմասակյանը։

   Միջոցառման ավարտին ուսանողները շրջեցին թանգարանում, ծանոթացան Օրբելի եղբայրների գործունեությանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները