Հունիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ անվտանգության մշակույթին նվիրված հետազոտական աշխատանքների ներկայացում-քննարկում՝ «Հասարակայնության հետ կապերի կազմակերպում» մոդուլի շրջանակում։ Զեկույցներով հանդես եկան միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները՝ 5 խմբով։
Թեմաներն էին՝
- Վտանգներ տանը,
- Առօրյա վտանգներ,
- Երկրաշարժի վերաբերյալ 1-9-րդ դասարանների աշակերտների իրազեկվածության վերլուծությունը,
- Ուժեղ քամի, փոթորիկ, մրրիկ, կայծակ․ անվտանգության կանոններ
- Անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի վերլուծությունը՝ ՃԿՊԱ ուսանողների շրջանում։
Աշխատանքներում օգտագործվել էր մի քանի հետազոտական մեթոդ՝ բանավոր հարցում, հարցաթերթ, սահիկաշար, ինտերակտիվ խաղ Kahoot.com հարթակում և այլն։ Զեկույցների ավարտին հնչեցին հետազոտության հիման վրա մշակված առաջարկներ։
Խմբերից մեկը հարցումն իրականացրել էր առցանց՝ ներառելով ոչ միայն հայ, այլև օտարազգի մասնակիցների։ Հատուկ ուշադրություն էր դարձվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։
Պատանի հետազոտողները համագործակցել էին Երևանի հայ-հունական պետական քոլեջի, «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի և Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի հետ։
Հարցաթերթերում ներառվել էին անվտանգության վերաբերյալ տասնյակ հարցեր՝
- Ի՞նչ է վտանգը,
- Ի՞նչ է անվտանգությունը,
- Ի՞նչ անել, եթե արշավի ժամանակ վերջացել է խմելու ջրի պաշարը,
- Ի՞նչպես վարվել, եթե վերելակում ենթարկվել եք հարձակման,
- Ի՞նչ անել, եթե արդուկը բռնկվել է,
- Ի՞նչ է երկրաշարժը,
- Ինչպե՞ս կահավորել սենյակը՝ երկրաշարժից պաշտպանվելու համար և այլն։
Նորարարական և ինտերակտիվ սահիկաշարերն ուսանողները ստեղծել էին Canva.com գրաֆիկ դիզայնի հարթակի միջոցով։
Հանդիպման ավարտին ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը շեշտեց, որ հետազոտական գործիքների կիրառումն ակնհայտ էր և գովելի։ «Իրազեկումը դեռ բավարար չէ, որ մարդ պաշտպանված լինի։ Անվտանգության մշակույթի ձևավորումը նախ և առաջ պետք է իրականացվի կրթության բոլոր հնարավոր օղակներով։ Շատ ուրախ եմ, որ դուք ձեր աշխատանքներով ճանաչելի եք դարձնում մեր բուհն այլ կրթական միջավայրում»,- ասաց Հ․ Մաթևոսյանը։
ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Սիրանուշ Հովհաննիսյանն առաջարկեց հետագայում միացնել հետազոտական աշխատանքները և կյանքի կոչել առաջարկները, օրինակ, պատրաստել առօրյա վտանգների մասին պատմող ֆիլմաշար։
Հետազոտական աշխատանքների համակարգող, ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանն արդյունքից գոհ էր։ Կարևորը՝ ուսանողներին հաջողվել էր կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ ստուգել հարցվողների գիտելիքը և ուսուցանել նրանց։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի