ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ընթանում է միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պրակտիկան։

   Օրերս ՃԿՊԱ դասախոսներ Հովհաննես Խաչատրյանը, Անի Գևորգյանն ու Արտակ Էլմասակյանը «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողների գործնական պարապմունքը կազմակերպել են Երևանի բուսաբանական այգում։

   Ըստ սցենարի՝ ահազանգ է ստացվում, որ տարբեր ուղղություններով արշավի դուրս եկած երկու խումբ մառախուղի պատճառով մոլորվել է։ Հենց այգում ծավալվել է օպերատիվ շտաբ՝ հեռախոսակապի միջոցներով և քարտեզների բազայով։ Ուսանողները կատարել են տեղորոշում։

   Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ հարցադրումների և արշավախմբի հուշումների շնորհիվ ՃԿՊԱ սաները կարողացել են կարճ ժամանակում հստակեցնել կոորդինատները։ Օգտակար է եղել ամեն ինֆորմացիա՝ ճանապարհին առկա հուշարձանները, մոտակա լեռների և երթուղու նկարագրությունը և այլն։

   Շտաբը նաև տեղեկացել է, որ խմբի անդամներից մեկի հետ կապը կորել է․նրա օգնության կանչերը լսվում են ժայռոտ բարձունքից։ Շտաբի մասնագետների օգնությամբ «փրկարարները» գտել են տուժածին, բայց, ցավոք, փրկել չեն կարողացել։

   ՃԿՊԱ դասախոսները գոհ էին թիմային վերլուծական աշխատանքից։  Շտաբային վարժանքի ավարտին քննարկվել են տեղ գտած թերությունները։

   Հաջորդ պարապմունքը կկայանա Արզնու ձորում։ Նախատեսվում է պայմանական տուժած երեխայի որոնողափրկարարական աշխատանք։

 

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտակ ԷԼՄԱՍԱԿՅԱՆԸ