Ավարտվեցին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման պետական քննությունները: Առկա և հեռակա ուսուցմամբ 4 մասնագիտության գծով ավարտեց 141 ուսանող, որոնցից 12-ը՝ գերազանցությամբ:

   Գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ այս տարվա ավարտական աշխատանքների թեմաները բավականին հետաքրքիր էին, արդիական, կար հետազոտական բաղադրիչ: Ուսանողներին հաջողվել էր տարբեր ոլորտների հիմնախնդիրները ներկայացնել արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի համատեքստում:

   Պրոռեկտորն ուրախությամբ նշեց, որ շրջանավարտներից ոմանք ակադեմիայում կրթությունը շարունակելու միտում ունեն: Գրեթե 90 տոկոսն արդեն աշխատանք  է գտել տարբեր ոլորտներում: 40 տոկոսը ծառայում է ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ստորաբաժանումներում:

   Հունիսի 11-ից մեկնարկել է մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ակադեմիան այս տարի կավարտի շուրջ 20 մագիստրոս՝ 3 մասնագիտության գծով:

   Հունիսի 19-ից 3 մասնագիտության գծով միջին մասնագիտական կրթական ծրագրի 75 ուսանող կմասնակցի ամփոփիչ ատեստավորման պետական քննություններին:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ