Հունիսի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացել է «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողով՝ կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և բուհերի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների համար։ Հանդիպումը կազմակերպվել էր Էրազմուս + տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակում: ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից աշխատաժողովին մասնակցում էին որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանն ու  մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանը:

   Բանախոսում էր Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանը։

   Աշխատաժողովի նպատակն էր օգնել բուհերի ղեկավար անձնակազմին ներդնել առաջնորդության և կառավարման նոր մոտեցումներ` հիմք ունենալով եվրոպական կրթական համակարգը:

   Ռուզաննա Ղարիբյանի խոսքով՝ ծրագրի ներկայացուցիչները խոսել են

  • կառավարման տարբեր մոդելների և համալսարանի գործունեության վրա դրանց ազդեցության,
  • կառավարման մեխանիզմներ և գործընթացներ մշակելու համար անհրաժեշտ առաջնորդության հմտությունների,
  • համալսարանի կառավարման, որոշումների կայացման մեխանիզմների, բարելավման ենթակա ոլորտներն ուսումնասիրելու,
  • առաջնորդության հմտությունները բարելավելու սեփական ռազմավարությունը մշակելու,
  • փոխակերպումների միջով անցնելու և դրական ուսումնական միջավայր ստեղծելու մասին:

 

 Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի կայքէջից