Կայացավ ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նորանշանակ ուսանողական խորհրդի երկրորդ նիստը։ Հանձնաժողովներն ամփոփեցին երկու ամսում կատարած աշխատանքը, մասնավորապես՝
- Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողական խորհրդի հետ համագործակցության մեկնարկը։ Սեպտեմբերին կիրականացվեն համատեղ միջոցառումներ։
- «Հայրենիք» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի հաղթանակներին,
- «Մայիսյան հերոսամարտեր» ֆիլմի դիտում-քննարկումը,
- Երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկումը,
- «Կոկա-կոլա Երջանկության գործարանում» շրջայցը,
- «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում կինոդիտումը։
Ուսանողական խորհրդի նախագահ Սեդա Այվազյանի խոսքով՝ ուսումնական տարին կամփոփեն Սարդարապատի հուշահամալիր այցելությամբ՝ ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանի ուղեկցությամբ։ Օգոստոսին ուսանողները եզակի հնարավորություն կունենան նաև մասնակցելու Բյուրականի աստղադիտարանի եռօրյա ամառային դպրոցին։
«Սեպտեմբերին մի շարք միջոցառումներ ենք նախատեսում՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Պարույր Սևակի 100-ամյակին, անվտանգության մշակույթի և աղետների ռիսկի նվազեցմանը։ Վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ և այլ մարզաձևերից մրցումները դառնալու են ամենամսյա։ Ունենալու ենք նաև միջբուհական մրցաշար»,- հավելեց Սեդան։
Նոր ուսումնական տարում ծրագրերը շատ են՝ «Ամենախելացին» հեռուստատեսային ձևաչափով խաղեր, հանդիպում-քննարկումներ գրական ակումբի շրջանակում, տարբեր բուհերի հետ համագործակցության նոր հեռանկարներ և այլն։
ՈՒԽ նախագահը հպարտությամբ նշեց՝ այս տարվա լավագույն ձեռքբերումներից էր կամավորական խմբի ստեղծումը, որին անդամագրվել է գրեթե 30 ուսանող։ Նրանց մի մասն աշխատանքներ է կատարել Ներքին գործերի նախարարությունում, մյուսները՝ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղ հանդիսացող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում։ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի խորհրդով հստակեցվել են կամավորական խմբի գործունեության հիմնական ուղղությունները։ Արդեն մշակվել է համագործակցության առաջարկ և ներկայացվել տարբեր կազմակերպությունների։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սեդա ԱՅՎԱԶՅԱՆԸ