ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի  համաձայն՝ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 3-5-ն անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Փոքր մեխանիզացիայի և տեխնիկական միջոցների կիրառում» թեմատիկայով։ Մասնակցել է 6 մարզի փրկարարական ստորաբաժանումներից 14 փրկարար ծառայող։

   Տեսական մասի թեմաներն էին՝

  • Քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները,
  • Մեխանիկական, էլեկտրական և պնևմատիկ գործիք-սարքավորումների հիմնական տեսակները, դրանց բնութագրերն ու կիրառման առանձնահատկությունները,
  • Անվտանգության ապահովումը փոքր մեխանիզացիայի միջոցներով աշխատանքների ժամանակ։

   Գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում։ Վերապատրաստվողները ներքին այրման շարժիչով աշխատող, հիդրավլիկ և էլեկտրական գործիքներով ու սարքավորումներով կատարել են տարբեր փրկարարական աշխատանքներ։

   Վերապատրաստման դասընթացը  վարել են ՃԿՊԱ մասնագետները՝ փ/ծ մայորներ Հ․ Բադալյանը և Ա․ Խաչատրյանը, փ/ծ կապիտան Վ․ Հովակիմյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Ս․ Մարտիրոսյանը և փ/ծ ենթասպա Ա․ Խաչատրյանը։

   Փրկարարների ընդհանուր պատրաստվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը գնահատվել է լավ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ