Մայիս ամսին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազայում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝

  • Սեմինար՝ «Եթե իրազեկ ես, ուրեմն պաշտպանված ես» թեմատիկայով՝ «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թրաֆիքինգի ռիսկերի մասին երիտասարդների իրազեկում» միջոցառման շրջանակում: Բանախոսները ներկայացրել են՝ ինչ է մարդկանց թրաֆիքինգը և կիբերթրաֆիքինգը, ինչ դրսևորումներ կարող են ունենալ, ինչպես սոցիալական հարթակներում մեդիագրագետ վարքագիծ դրսևորել և վիրտուալ տիրույթի հարձակումներից պաշտպանել անձնական տվյալները:
  • Գործնական պարապմունք «Լոռէ» փրկարար ջոկատի ուսումնական բազայում՝ ՃԿՊԱ դասախոս Մ.Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» բաժնի երկրորդ կուրսի ուսանողները ծանոթացել են  պարանային տեխնիկային, ինքնուրույն  կազմակերպել գետնանց և տուժածի տեղափոխում, կատարել ժայռամագլցում և վայրեջք:
  • Առցանց հանդիպում՝ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում»` PPRD East ծրագրի (Prevention, Preparedness and Response to natural and man-made disasters in Eastern Partnership countries` PPRD East) երրորդ փուլի շրջանակում: Մասնակցել են Հայկական կարմիր խաչի ընկերության կամավոր հանդիսացող ՃԿՊԱ ուսանողները: Համատեղ ջանքերով նկարահանվել է անտառային հրդեհների կանխարգելման և անտառում վարքականոների վերաբերյալ տեղեկատվական հոլովակ՝ «Անտառային հրդեհներ. ինչ անել և ինչ չանել» խորագրով: Հոլովակը տարածվել է համացանցում:

   Մայիսի վերջին Դեբեդ գետի վարարման հետևանքով հետաձգվել է հեծանվային արշավը «Տեղագրում և կողմնորոշում» առարկայի շրջանակում: Արշավի նպատակն է GPS համակարգերի օգնությամբ մշակել, գծագրել և քարտեզագրել «Ստեփանավանի ճեմուղի – Մայորի ձոր- Լոռե բերդ ամրոց» երթուղին: Արշավի վերջում Լոռե բերդ ամրոցի տարածքում  կանցկացվի գործնական պարապմունք  «Հեռակառավարվող սարքերի կիրառումը քարտեզագրման ընթացքում» թեմատիկայով:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ ՃԿՊԱ դասախոս Անժելա ԲԱԴԱԼՅԱՆԻ