Մայիսի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց հանդիպում-քննարկում՝ նվիրված հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանը խոսեց «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածների մասին: Առաջինն արգելում է ռազմական գործողություններում երեխաների մասնակցությունը, երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը, իսկ երկրորդը սահմանում է փախստական երեխաների իրավունքներն ու պաշտպանությունը:
Քննարկվեցին նաև բուլինգի պատճառները, սահմանամերձ դպրոցներում երեխայի կրթության իրավունքի ոտնահարումը՝ մասնագետի բացակայության պատճառով, հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները, սեռով պայմանավորված խտրականության դեպքերն աշխատանքի վայրում և այլն:
«Որպես ապագա փրկարարներ՝ դուք պետք է բացառեք խտրականությունը: Մեզ համար գերագույն արժեք է մարդու կյանքը՝ անկախ ամեն ինչից»,- ասաց Ռ. Ղարիբյանը:
Միջոցառման ավարտին ներկաները Kahoot.com հարթակում մասնակցեցին անվտանգության վարքականոնի վերաբերյալ թեստային խաղի:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի