Մայիսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Մայիսյան հերոսամարտեր, ինչու՞ է աղմկում անցյալը» փաստավավերագրական ֆիլմի դիտում-քննարկումը, որը վարում էր ԱԻ և ՃԿ ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Կրբեկյանը։
Մասնագետն անդրադարձավ հայոց պատմության լավագույն էջերից մեկին՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը՝ նշելով, որ այն մեզ տրվել է դժվարին պայմաններում։ Ցեղասպանությունից և գաղթից հետո արևելյան Հայաստանի ներկայիս տարածքում ապրում էր 300 հազար փախստական, 50 000 որբ երեխա և հազարավոր սովյալներ։ Ժանտախտն օրական հարյուրավոր կյանքեր էր խլում։ Այդուհանդերձ ռազմական միտք ունեցող մի շարք գործիչների շնորհիվ հայերը պահպանեցին իրենց ինքնությունը և հաստատեցին կրկին պետականություն ունենալու իրավունքը։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, և Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որոնք ավարտվեցին թուրքական բանակի պարտությամբ, այսօր մտորելու տեղիք են տալիս մեր միասնության և դիվանագիտության բացակայության մասին։
Վահագն Կրբեկյանի խոսքով՝ «բահով ու փոցխով» կռվող ժողովուրդը մենակ չէր կարող կանգնեցնել մինչև ատամները զինված հակառակորդին։ Բնականաբար, նրա հետևում աշխարհաքաղաքական այլ ուժեր էին, որոնց ձեռնտու չէր Թուրքիայի ասռաջխաղացումը։
«Առաջին աշխարհամարտում հայերն ամենաշատ զոհերն են տվել խաղաղ բնակչությունից։ Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ մենք նվաճեցինք Սևրի պայմանագրի տակ ստորագրություն դնելու իրավունք։ Եթե չլիներ մայիսի 28-ը, թերևս այսօր մեզնից ոչ ոք չէր լինի»,- ասաց պատմաբանը։
Խոսվեց նաև ռազմական գործիչներ Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի, Ավետիս Ահարոնյանի, Անդրանիկ Օզանյանի և այլոց մասին, որոնք հայ ազատագրական պայքարի ու անկախության խորհրդանիշներն են։ Ցավոք, նրանցից շատերին մենք չենք ճանաչում և չենք կարևորում նրանց մասին հիշողությունը։ Դրա վկայությունը, օրինակ, Արամի 9 հասցեում գտնվող և փլատակի վերածված Արամ Մանուկյանի տունն է։ «Մեր բոլոր հանրապետությունների պատմությունը վկայում է, որ մենք չգիտենք՝ ինչ է դիվանագիտությունը։ Դա գալիս է թույլ կրթությունից, թույլ գիտելիքից։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, պետք է դրանից դասեր քաղել ու հասկանալ մեր խոցելի կողմերը»,- ելույթն ամփոփեց դեկանը։
ՃԿ ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Հարությունյանը հավելեց՝ մարդկության պատմության մեջ ոչ մի պատերազմի արդյունքը զենքով չի որոշվել, միայն՝ գրչով։ Շատ կարևոր է, որ գրչով հայի անունից խոսող դիվանագետները պետականության պահպանման գաղափարը կրեն իրենց մեջ։ Պետք է ճիշտ կողմնորոշվել աշխարհաքաղաքական բախումների ֆոնին, վարել գիտակցված քաղաքականություն։ Այդ պարագայում միայն հայ ժողովրդի առջև այլևս չի դրվի լինել-չլինելու հարցը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի