Մայիսի 25-ից Դեբեդ գետի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում ճգնաժամային իրավիճակ է։ Կան զոհեր ու անհետ կորածներ, բնակչության մի մասը տարհանվել է, փլուզվել են բնակավայրերը կապող կամուրջները, շարքից դուրս են եկել ենթակառուցվածքները, ջրալցվել են տներ ու խանութներ։ Մինչ օրս կա մաքուր ջրի ու սննդի խնդիր։

   Հաստատվել են աղետի գոտիներն ու դրանց տարածքները։ Բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային շտաբը: Ալավերդի քաղաքում բացվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։

   Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկում են բոլոր դեպքերը։ Նրանց են միացել նաև կամավորներ, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։

   ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայում միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ որոնողափրկարարական հատուկ աշխատանքներում ներգրավված է բուհի 3 դասախոս, 2 հրահանգիչ և 1 տեխնիկական աշխատակից, որոնք առաջին օրվանից աղետի գոտում են։

   Մայիսի 27-ից ֆրանսիական Acted Armenia կազմակերպության և Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարար ջոկատի համագործակցությամբ կատարվում է գնահատում՝ առավել տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու նպատակով։ Գնահատման գործընթացին մասնակցում է ակադեմիայի 1 դասախոս և 6 ուսանող։

   Աղետի հետևանքների վերացման հատուկ աշխատանքներին՝ կոնստրուկցիաների հեռացում, կապի մալուխի անցկացում, ջրատար խողովակի ձգում և այլն, ներգրավված է ՃԿՊԱ 1 դասախոս և 12-ական ուսանող, որոնք աշխատում են՝ միմյանց փոխարինելով։

   3 դասախոս դրոնների միջոցով իրականացնում է աղետի գոտու քարտեզագրում, ինչի շնորհիվ արդեն հնարավոր է պատկերացում կազմել ավերածությունների մասին։

   Փրկարարական աշխատանքի ծավալներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Լոռէ» փրկարար ջոկատի պաշտոնական էջից