«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի որոշմամբ՝ 2021 թվականի հունվարին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 4 տարով ստացել է պետական հավատարմագրում։ Հաջորդը նախատեսվում է 2025 թվականին։

   Ակադեմիայում ձևավորված աշխատանքային խմբերի նիստերի ժամանակ քննարկվել ու շտկվել են փորձագիտական խմբի արձանագրած թերությունները, կազմվել է հաշվետվություն։ Շուտով կսկսվեն նաև ՃԿՊԱ-ի 2025-2029 թթ․ ռազմավարական պլանի մշակման աշխատանքները։

   Գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ ակադեմիայի ղեկավարությունն այժմ ուսումնասիրում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտի հետ կապված ժամանակակից մասնագիտություններ՝ ակադեմիայի կրթական ծրագրերում ներդնելու համար։ Վերջին հավատարմագրումից ի վեր ակադեմիայում 4 նոր մասնագիտություն է ավելացել՝ միջին մասնագիտական կրթական ծրագրում՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում», «Կապ և ազդարարում բնակչության պաշտպանության ոլորտում» և «Պաշտպանական կառույցների շահագործում», մագիստրոսի կրթական ծրագրում՝ «Իրավագիտություն․ ճգնաժամային իրավունք»։ Ի դեպ, ճգնաժամային իրավունքի մասնագետներ տարածաշրջանում ոչ մի բուհ չի պատրաստում։ Հ․ Ղարիբյանը նշեց՝ այս մասնագիտությունների գծով մեծ թվով դիմորդներ են եղել ողջ հանրապետությունից։

   Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում  20 քոլեջում, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթական ծրագիր ունեցող ՃԿՊԱ-ում։ Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում որակի ապահովման պատասխանատուների հետ։

   ՃԿՊԱ որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանն ասաց՝ ՈԱԱԿ-ը մեծ ուշադրություն է դարձնում գործնական վերջնարդյունքին։ Հրավիրվելու են անկախ փորձագետներ, ստեղծվելու են հանձնաժողովներ, որոնք գնահատելու են բուհի կրթական ծրագրերի արդյունավետությունը։

   ՃԿՊԱ-ում որակի գնահատումն իրականացվում է մի քանի ձևաչափով՝ դասալսումներ և մշտադիտարկում, ուսանողների հետ հարցում՝ դասապրոցեսի կազմակերպման  վերաբերյալ, ուսանողների գործնական հմտությունների՝ խմբային աշխատանքների, իրավիճակային լուծումների,  շնորհանդեսների պատրաստման գնահատում և այլն։  «Մենք ուսումնասիրում ենք նաև աշխատաշուկան՝ հասկանալու համար, թե որքանով է մեր բուհից դուրս եկած շրջանավարտը համապատասխանում ներկա պահանջներին։ Միշտ կապի մեջ ենք լավագույն գործատուների հետ, որպեսզի լավ առաջադիմությամբ մեր ուսանողներին ապահովենք աշխատանքով»,- հավելեց մասնագետը։

   Պետական հավատարմագրման գործընթացի մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ