ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոսները շարունակում են այցելել մարզեր։
Մայիսին ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թադևոսյանը, պահեստազորի փ/ծ գնդապետեր Հովհաննես Եմիշյանն ու Տիգրան Գիդաչյանը, ճգնաժամային կառավարման ամբիոնի դասախոս Անի Գևորգյանը դասախոսություններ են կարդացել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, մասնավորապես՝
- Վարդենիս խոշորացված համայնքում և Սոթքի միջնակարգ դպրոցում,
- Մարտունի խոշորացված համայնքում և Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում,
- Սիսան խոշորացված համայնքում և Ախլաթյանի միջնակարգ դպրոցում,
- Գորիս խոշորացված համայնքում և Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում,
- Կապան խոշորացված համայնքում և Կապանի թիվ 2 ավագ դպրոցում,
- Քաջարան խոշորացված համայնքում և Քաջարանի թիվ 5 միջնակարգ դպրոցում։
Դասընթացների թեմատիկան հետևյալն էր՝
- Աղետների ռիսկի նվազեցման կրթության հիմնահարցերը դպրոցում,
- Աղետներին արձագանքման կազմակերպման հիմնահարցերը։
Հովհաննես Եմիշյանի խոսքով՝ իրենց առջև մեկ խնդիր էին դրել՝ պատրաստել համայնքների ղեկավար կազմին, որոնք արտակարգ իրավիճակում առաջին պատասխանատուն և որոշում կայացնողն են։
Ներկայացվել է՝ ինչպես աշխատել աղետների ռիսկի կառավարման պլանով և համագործակցել պետական կառույցների հետ, որոնք ենք տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և այլն։
Դասընթացի կարևոր բաղադրիչ էր հետաղետային կարիքների գնահատումը, որն իրականացվում է միջազգային չափորոշիչներով մշակված գործիքակազմով՝ հաստատված ՆԳ նախարարի կողմից։
Կարևորվել է նաև համայնքներում կամավորական փրկարարական թիմերի ստեղծումը։ «ԱՌԿ պլանում փրկարարական բաժին կա, ըստ որի՝ համայնքները պետք է ունենան ամենապարզ գույքով ու միջոցներով հագեցած փրկարարական ջոկատներ։ Դա նաև թույլ է տալիս «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը։ Որքան էլ հույս դնենք միջազգային արձագանքող ուժերի վրա, տեղական թիմերն ավելի արագ են աշխատում»,- մանրամասնեց գնդապետը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) քարտուղարությունն այս շրջանում քննարկում է տեղական թիմեր ունենալու ծրագիրը։
Խոսելով համայնքներում առկա խնդիրներից՝ մասնագետը նկատեց՝ Վարդենիսն ազդարարման առումով լավագույն օրինակներից է։ Բոլոր 35 բնակավայրերում ապահովված է շչակների ձայնածածկույթը; Ամբողջն արվել է համայնքային բյուջեի միջոցներից։ Մեծ աշխատանք են անում ԱՌՆ համայնքային պատասխանատուները, որոնք ակտիվ կապ են պահում մարզային փրկարարական վարչության և տեղի հրշեջ-փրկարարների հետ։ Վարդենիսում վերջին շրջանում նաև թաքստոց է կառուցվել՝ «Պահապան» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
Տիգրան Գիդաչյանը խոսեց Սյունիքի մարզի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ հանդիպման արդյունավետությունից։ Քննարկվել է հետաղետային կարիքների գնահատման ակտերի ճիշտ լրացման հարցը, ինչը համայնքների համար տարբեր աղբյուրներից ֆինանսավորում ստանալու մեծ հնարավորություն է ստեղծում։
Անի Գևորգյանը դասընթացներ է վարել Սոթքի և Մարտունու դպրոցներում։ Լսարանում եղել են տարբեր տարիքային խմբեր՝ տարրականից մինչև ավագ դասարաններ։
Տարրական դասարաններում թեման երկրաշարժն ու հրդեհն էին։ Աշակերտներին հետաքրքրել է պատուհանից տարհանվելու, երկրաշարժից հետո բաց տարածքներում թաքնվելու, հրդեհից պաշտպանվելու վարքականոնը և այլն։ Ցուցադրվել է անվտանգության վերաբերյալ ուսուցողական մուլտֆիլմ, որից հետո խաղի ձևաչափով մասնակիցները կրկնել են նույն գործողությունները։
Սահմանամերձ Սոթքի դպրոցում թեման «օդային տագնապն» էր։ Խոսվել է պատսպարման, պայթուցիկ նյութերի վտանգների, ականապատ տարածքներում անվտանգության նորմերի, թաքստոցի և ապաստարանի տարբերությունների մասին։
Անի Գևորգյանը նկատեց՝ պատերազմն իր ազդեցությունը թողել է սահմանամերձ համայնքների երիտասարդների վրա։ Նրանք ավելի գիտակից և իրազեկ են դարձել։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները