Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայկական ատոմային էլեկտրակայանի վթարը։ Ի՞նչ պետք է անել ճառագայթային վտանգի ժամանակ, ինչպե՞ս և ովքե՞ր են կազմակերպում մարդկանց ազդարարումը, տարհանումն ու վնասազերծումը։
Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին կից ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները ցուցադրեցին «Ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» խորագրով իրավիճակային սցենար՝ հիմնված միջազգային փրկարար, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Ճգնաժամային կառավարման խաղեր» ուսումնամեթոդական ձեռնարկի վրա։
ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողները ներկայացրին ատոմակայանին հարակից 5 և 10 կմ շառավղում գտնվող համայնքների ազդարարման հնարավորությունները, տարհանման գործողությունների ընթացակարգը, տարբեր գերատեսչությունների ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, մոնիթորինգի և արձագանքման խմբերի աշխատանքը, տարհանման համար անհրաժեշտ մեքենաների տեսակները, տարհանման պլանը՝ ախտահարված տարածքից սանիտարական մշակման կետ, հակաճառագայթային կայուն յոդի պատրաստուկի օգտագործման ձևը և այլն։
Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Ապահովագրական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի 5 ուսանող հաշվարկել էր տարհանման ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել շտապօգնության և տարհանող մեքենաների սպասարկման, մեծաքանակ դեղորայքի ձեռքբերման, սանիտարական կետերի կառուցման ու կահավորման, ջրամատակարարման կազմակերպման համար և այլն։
Սցենարում ուսանողները կատարել էին որոշ փոփոխություններ՝ կապված տրանսպորտի, ընդունող բնակավայրերի, սանիտարական կետերի քանակի և պետական փաստաթղթերի վերաբերյալ։ Իրավիճակային խաղը վերհանեց երկու խնդիր՝ անհնար է եղել մի քանի համայնքում իրականացնել ազդարարում և տարհանել ընտանի կենդանիներին։
ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը գոհ էր նման համագործակցությունից։ «Աղետների ռիսկի կառավարումը մեզ համար կարևորագույն խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է համատեղ լուծել։ Գովելի է, որ մյուս բուհերի ուսանողները ևս կարողանում են իրենց թվային հաշվարկներով նպաստել ռիսկերի մոդելավորմանն ու նվազեցմանը։ Ուրախ եմ, որ մեր ուսանողները ոչ թե մրցակում են, այլ համագործակցում։ Երկիրը կառուցում են՝ միայն ձեռք ձեռքի տված»,- ասաց Ա․ Հայրապետյանը։
«Ճգնաժամային կառավարման խաղեր» ձեռնարկի հեղինակ Համլետ Մաթևոսյանը նկատեց՝ ուսանողները բավականին բարդ սցենար էին ընտրել և կարողացել խոր հետազոտություն անել։ Մասնագետը խորհուրդ տվեց հետևյալը՝
- վերանայել տարհանող և շտապօգնության մեքենաների քանակը՝ ըստ համայնքների մեծության,
- պարտադիր ախտահանել տարհանող մեքենաները,
- հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպել մեծ թվով մարդկանց վարակազերծում,
- հաշվարկել ախտահարված տարածքից սանիտարական կետ հեռավորության նպատակահարմարությունը,
- ստուգել հորատանցքերի ապահովությունը, որպեսզի սանիտարական կետերից դուրս եկող ախտահարված ջուրը չխառնվի արտեզյան ջրերին,
- հնարավորինս շատ օգտագործել քարտեզների բազան։
ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Սիրանուշ Հովհաննիսյանը մատնանշեց ուսանողների թիմային միասնությունը՝ հավելելով, որ իրենց հետագա հաշվարկներում առաջին տեղում դնեն ճառագայթման ազդեցության ժամանակը։ Մարդու կյանքի ամեն րոպեն թանկ է և անդառնալի։
«Անկախ մասնագիտությունից՝ ստացված գիտելիքը կարևոր է։ Մեր երեխաներն ավելի տեղեկացված ու գիտակից քաղաքացի են դարձել և միանշանակ կկարողանան ճգնաժամայյին իրավիճակներում իրենց դրսևորել»,- ասաց Ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս Լիլիթ Խանզադյանը։
Երկու բուհերի համատեղ ծրագրերը շարունակական են լինելու։ Միջոցառման կազմակերպիչ, ՃԿՊԱ դասախոս Անի Գևորգյանի խոսքով՝ հաջորդիվ խաղարկվելու է պատերազմի սցենար։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ