ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ մայիսի 20-22-ն անցկացվել է «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում՝ պարանային աշխատանքներ» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Մասնակցել է Երևանի և մարզերի փրկարարական ստորաբաժանումներից 15 փրկարար ծառայող։
Տեսական մասում վերապատրաստվողներին ներկայացվել են բարձրությունների վրա կատարվող աշխատանքների առանձնահատկություններն ու անվտանգության հիմնական պահանջները, կիրառվող գույքն ու միջոցները, պարանային հանգույցները, տեսակները և այլն։
Գործնական պարապմունքներն անցկացվել են ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազայում և Արզնու ձորում։ Փրկարարներն իրականացրել են ալպինիստական գույքով ու միջոցներով վերելք ու վայրէջք, խմբային և անհատական անվտանգության ապահովման աշխատանքներ, բարձրությունից տուժածների տեղափոխում, գետնանց։
ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Մարտիրոսյանի խոսքով՝ այս անգամ խմբում կային ծառայության փորձաշրջանը հաղթահարած նորեկներ, որոնց համար այս վերապատրաստումն առաջին մեծ փորձն էր։ Դասախոսական անձնակազմը գործնական պարապմունքների թեմաները մշակել է՝ ըստ գրանցվող դեպքերի առանձնահատկությունների։ Օրինակ՝ մարզերում բարձրահարկ շենքերը քիչ են, դրանց հետ կապված դեպքերը՝ նույնպես։ Փոխարենը մարզային փրկարարների համար ավելի արդիական թեմա է ձորից կամ ջրային տարածքներից տուժածի դուրսբերումը։
Այս առումով բավական ուսուցողական էր Հրազդան գետում գետնանցի կազմակերպումը, քանի որ գետը բավականին վարար էր։ Փրկարարները ծանոթացել են արագահոս ջրերում աշխատանքի վտանգներին։
«Ամբողջ խումբը պատրաստակամ էր և աշխատասեր։ Մեզ համար կարևոր է, որ վերապատրաստվողները հնարավորինս շատ գիտելիք ստանան ու սովորեն նույն աշխատելաոճը։ Դա նրանց կօգնի խոշոր դեպքերի ժամանակ միմյանց հետ հեշտ հաղորդակցվել»,- ամփոփեց Ս․ Մարտիրոսյանը։
Վերապատրաստման դասընթացները վարել են ՃԿՊԱ մասնագետները՝ փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, փ/ծ մայոր Ա․ Խաչատրյանը, փ/ծ կապիտան Վ․ Հովակիմյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Ս․ Մարտիրոսյանը, փ/ծ ենթասպա Ա․ Խաչատրյանը և փ/ծ ավագ Ն․ Մարկոսյանը։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները