Մայիսի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) միջազգային փորձագետ Լաուրի Թաբուրին, ծրագրերի մասնագետ Կարինե Քեշաբյանին և ՆԳՆ ռազմավարական պլանավորման վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի բաժնի պետ Նատալի Սահակյանին։

   Այցի նպատակն էր ծանոթանալ ակադեմիայի կրթական, կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին, տեխնիկական ու գույքային զինվածությանը, փրկարար ծառայողների ատեստավորման պայմաններին և միջազգային համագործակցության հեռանկարներին՝ ՆԳՆ կրթահամալիրի կայացման գործընթացին աջակցելու համար։

   ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը հյուրերի համար կազմակերպեց շրջայց ակադեմիայի պահեստային մասում, որտեղ տեղակայված են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) համաշխարհային ցանցի տրամադրած փրկարարական  և առաջին օգնության գույքը։ Ներկայացվեց INSARAG-ի չափորոշիչներով մարզային փրկարարների վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը։

   ՃԿՊԱ տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի մասնագետները պատմեցին 3 մակարդակում ուսուցման հնարավորությունների, նախագծային աշխատանքներում ուսանողների ներգրավվածության, անտառային հրդեհների հետախուզության և քարտեզագրման համար նախատեսված նոր սարքավորումների մասին։ Այս շրջանում ՃԿՊԱ մասնագետները նաև  հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի սարքավորումներ են նախագծում։ «Մենք հասկանում ենք աղետների ռիսկի կառավարման գործում նորարարությունների կիրառման անհրաժեշտությունը, և ինքներս էլ փորձում ենք մեր գիտական ներուժը ներդնել այդ գործընթացում։ Սերտ համագործակցում ենք ոլորտային գիտնականների հետ»,- ասաց Ա․ Հայրապետյանը։

   Փրկարարական և առաջին օգնության մասնագիտացված լսարաններում ցուցադրվեց առկա գույքը։ Ներկայացվեց Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE)  ծրագիրը, որն ամփոփվել է վերջերս։ Ծրագրի շրջանակում ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազային են տրամադրվել հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության գույք-սարքավորումներ։ Դրանք շուտով կբաժանվեն Հայաստանում ձևավորվող 12 կամավորական ջոկատի։ Նույն ծրագրով ՃԿՊԱ դասախոսներն այժմ մշակում են կամավորների ուսուցման 7 հայերեն ձեռնարկ։

   Երկրատեղեկատվական համակարգերի և հեռակառավարման մասնագիտացված լսարանում ՆԳՆ ներկայացուցիչները ծանոթացան կլիմայի փոփոխությունների, երկրաշարժի, սողանքի և այլ երևույթների ուսումնասիրության ու ռիսկի գնահատման նորարարական մեթոդներին, ոլորտային այլ բուհերի հետ փորձի փոխանակման ծրագրերին։

   Միջազգային փորձագետ Լաուրի Թաբուրին հատկապես կարևորեց ակադեմիայում ներդրված տարբեր ուսուցման ձևաչափերը, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող ուսանողների լիարժեք ներառականությանը։

   Շրջայցին հաջորդեց քննարկում ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ