2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի ապրիլը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամն իրականացրել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արագ արձագանքում» ծրագիրը, որի շրջանակում մարդասիրական օգնություն է ստացել Դիլիջան, Իջևան խոշորացված համայնքներում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապաստանած 1064 ընտանիք՝ 4000-ից ավելի շահառու։ Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացրել «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում:

   ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 7 ուսանող մասնակցել է կամավորական աշխատանքներին՝ պատրաստելով և բաշխելով շահառուների համար նախատեսված փաթեթները։ Նրանց տրվել է հավաստագիր։

   Միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարի Հովհաննիսյանի համար սա կամավորության առաջին փորձն էր։ Խումբը ձևավորվել էր տարբեր կուրսերի ուսանողներից։ «Հետաքրքիր էր շփվել ոչ միայն տեղահանվածների, այլև ոլորտի մասնագետների հետ, որոնցից շատ բան ենք սովորել։ Բացի դրանից՝ բավարարվածության զգացում ես ունենում, երբ օգնում ես մարդկանց։ Հատկապես երիտասարդների համար կամավորությունը շատ եմ կարևորում։ Ուրախալի է, որ ակադեմիան տալիս է նման հնարավորություն»,- ասաց Մարին։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները