ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել են 2023-2024 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները։ Միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ակադեմիան ավարտում է 230 ուսանող:
Մայիսի 20-ին գերազանցության դիպլոմի հավակնորդ, բակալավրի կրթական ծրագրով 4-րդ կուրսի «Կառավարում» մասնագիտությամբ 8 ուսանող պաշտպանեց իր ավարտական աշխատանքը։ Թեմաներն էին`
- Ժամանակակից մարտահրավերներն ու դրանց ներառումը ազգային ռազմավարությունում՝ ըստ Սենդայի գործողությունների ծրագրերի գերակա ուղղությունների,
- Արդիական տեխնոլոգիական լուծումներն աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գործիքակազմերով,
- Կայուն զարգացման մարտահրավերներն աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գործառույթների համատեքստում,
- Երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները և դրանց հետ կապված ռիսկերը բնակչության պաշտպանության արդի համակարգում,
- Ֆինանսատնտեսական ռիսկերը և դրանց առանձնահատկությունները ՀՀ-ում,
- Ապահովագրության հիմնախնդիրներն արտակարգ իրավիճակներում,
- Փրկարար ծառայության համակարգը և դրա կառավարման կատարելագործման հիմնահարցերը ՀՀ ազգային ռազմավարության համատեքստում,
- Քաղաքացիական պաշտպանության բարելավման ուղիները ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։
Շրջանավարտների հետ զրուցել ենք ուսումնառության տարիների, ձեռքբերումների և առաջիկա նպատակների մասին։
Լիլիթ Ավագյանը վերհիշում է, թե ինչպես իր կյանքի ամենակարևոր փուլում՝ 14 տարեկանում, ոտք դրեց ակադեմիա։ Անվտանգության ոլորտն իր համար ուրիշ աշխարհ է, ուրիշ մշակույթ։ «Հաճախ ենք լսում, որ ամեն տարի բուհ են ավարտում հարյուրավոր տնտեսագետներ, բայց քչերն են աշխատում իրենց մասնագիտությամբ։ Մեր պարագայում դա այդպես չէ, քանի որ տնտեսագետ-կառավարողի հմտություններդ կարող ես փրկարար ծառայության ցանկացած ոլորտում կիրառել։ Այստեղ ստացած գիտելիքն ամբողջ կյանքի համար է»,- ասում է երիտասարդը։
Ավարտական աշխատանքի պաշտպանությունն արդեն անցյալում է, կարելի է հանգիստ շունչ քաշել։ Դասախոսներն ամեն ինչ արել էին, որ իրենք հոգեպես կապվեն ընտրված թեմայի հետ։ Հետազոտական աշխատանքը տվել է ծանոթության լայն շրջանակ՝ փրկարար ծառայողներ, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ և այլն։ Լիլիթի ավարտական աշխատանքի հիմքը հենց այս մարդկանց հետ հանդիպումներն ու փորձի փոխանակումն էր։
Ալվինա Կարենյանը ՃԿՊԱ-ում ստացած «դաստիարակության» շնորհիվ սկսել է ամեն մանրուք նկատել, իր ու հարազատների կյանքն անվտանգ դարձնել։ Ինչ աշխատանք էլ հետագայում ընտրի, ուղղակիորեն կապված է լինելու փրկարարական ոլորտի հետ։
Բացի ուսանողական վառ հիշողություններից և ընկերությունից՝ Արփինե Սիմոնյանն ակադեմիայում գտել է իր սերը։ Պատրաստվում է ընտանիք կազմել։ Կրթությունը մագիստրատուրայում շարունակելու պլաններ ունի։
Կարլեն Մկրտչյանի խոսքով՝ ՃԿՊԱ ընդունվելուց առաջ պատկերացնում էր, թե ուժային կառույցում է սովորելու, իսկ ստացված գիտելիքը սահմանափակվելու է միայն փրկարարությամբ։ Հետո հասկացավ ոլորտի մեծությունը, հասկացավ, թե ինչ արժեք ունի մարդու կյանքը։ Ակադեմիան դնում է մասնագիտական հիմքը, իսկ առաջ գնալու համար պետք է ինքդ աշխատես, ինքնակրթվես, կատարելագործվես։ Կատակում է՝ առաջիկայում իրեն պատկերացնում է Հայաստանի և Կանզասի ազգային գվարդիայի համատեղ ծրագրերի համակարգողի դերում։ Կատակը՝ կատակ, բայց խոսքն ուժ ունի։
Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները կավարտվեն հունիսի 28-ին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ