Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ «Հայրենիք» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի հաղթանակներին։ Սա նորընտիր ուսանողական խորհրդի առաջին նախաձեռնությունն էր։
Մասնակիցներն ասմունքեցին հայրենիքին նվիրված մեծանուն գրողների՝ Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի և այլոց ստեղծագործությունները։ Հնչեցին հայրենասիրական երգեր կենդանի նվագակցությամբ։ «Երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»,-մեջբերելով սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ ՃԿՊԱ սաները հիշատակեցին հայոց պատմության մայիսյան հաղթանակները՝ Ավարայրի ճակատամարտը, Սարդարապատի հերոսամարտը, Հայրենական մեծ պատերազմի ավարտը՝ Խորհրդային Միության հաղթանակով և Շուշիի ազատագրումը։ Այս ամենը վկայում է հայի կամքի, տոկունության ու հավատքի մասին։
«Ձեր առջև կանգնած է նոր սերունդ, որն անցյալից դասեր է քաղել և հետևողականորեն կշարունակի պայքարել։ Մեր պապերն իրենց հաղթանակները որպես ջահ փոխանցել են մեզ, և մենք պատվով շարունակելու ենք դրանք կրել։ 21-րդ դարը մերն է լինելու»,- ասացին երիտասարդները։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ