ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի համագործակցության  շրջանակում՝ իրականացվում են փոխադարձ այցեր։

   Օրերս ՃԿՊԱ դասախոսական և ուսանողական անձնակազմը եղել է գործընկեր քոլեջում, քննարկվել են անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկայի նախագծման ոլորտում համատեղ աշխատանքի հնարավորություններն ու հեռանկարները:

   Մայիսի 16-ին կայացավ երկու կառույցների ուսանողների հանդիպումը ՃԿՊԱ-ում: «Արհեստական բանականության դերն արդի տեխնիկական միջոցներում» խորագրով միջոցառման շրջանակում ՃԿՊԱ սաները ներկայացրին, թե ինչպես է գործում արհեստական բանականությունը, ինչ հորիզոններ է բացում ChatGPT ծրագիրը, ինչպես օգտագործել ChatGPT-ն տարբեր լեզուներ սովորելու և մասնագիտություն ընտրելու համար, որոնք են արհեստական բանականության դրական ու բացասական կողմերը, արդյոք արհեստական բանականությամբ ստեղծված մոդելները կարող են փոխարինել փրկարարներին և այլն:

   Միջոցառման երկրորդ մասում ուսանողներն Arduino հենահարթակի հիմքով կատարեցին նախագծման և ծրագրավորման թիմային առաջադրանքներ:

   Զեկույցներով հանդես եկան նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի առաջին կուրսի ուսանողները: Մեխատրոնիկայի ամբիոնի վարիչ Քաջիկ Ավետիսյանն ամփոփեց «Ապարատածրագրային միջոցների առանձնահատկություններն անօդաչու թռչող սարքերում» թեմայով բանախոսությամբ:

   ՃԿՊԱ առկա ուսուցման գծով դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի խոսքով՝ 21-րդ դարը լինելու է արհեստական բանականության ժամանակաշրջան. եթե մենք չառնչվենք այդ ամենի հետ և չլինենք մրցունակ, ապա ապագա չենք ունենա: «Այս համագործակցությունը շատ կարևոր է: Լինենք հավակնոտ, երազող և սպասենք, որ տարիներ հետո մեր շրջանավարտները համատեղ մեծ ծրագրեր կանեն: Հումանիստական զարգացման առումով դեռ շատ բան ունենք սովորելու, և մերօրյա խնդիրներից մեկն է դառնում այն, թե ինչպես դիմակայել արհեստական բանականության մարտահրավերներին»,- ասաց դեկանը:

   Միջոցառման կազմակերպիչներից՝ ԱԻ և ՃԿ ամբիոնի դասախոս Հասմիկ Կույումջյանը նշեց՝ ուսանողներն իրենց զեկույցները մշակել էին ինքնուրույն: Մեծ ուշադրություն էր դարձվել հատկապես հաղորդակցության հմտություններին, ինչի շնորհիվ էլ հաջողվեց լսարանի հետ ինտերակտիվ կապ հաստատել, հնչեցին տարաբնույթ հարցեր:

   ՃԿՊԱ և Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարինա Փոթիկյանի համոզմամբ՝ այս երկու ուսումնական հաստատությունները բացառիկ են տարածաշրջանում և մեծ պոտենցիալ ունեն: Առաջիկայում նախատեսվում են համատեղ ծրագրեր՝ ռոբոտների և մանիպուլյատորների նախագծման ուղղությամբ: Դրանք աշխատելու են մարդու համար վնասակար պայմաններում. «Պարզապես հիացած եմ ՃԿՊԱ ուսանողներով: Ծրագրավորումը նրանց մասնագիտական առարկան չէ, բայց նրանք այնպիսի հաճույքով ու հետաքրքրությամբ մասնակցեցին ուսուցողական դասընթացին, որ արդյունքը սպասվածից ավելին էր: Կար թիմային գաղափար, կար ընկերություն»:

  Այժմ քննարկման փուլում է աշնանը միջբուհական ցուցահանդես կազմակերպելու գաղափարը՝ ՃԿՊԱ-ի նախաձեռնությամբ: Նախատեսվում է ներգրավվել բոլոր այն բուհերը, որոնք ունեն ռոբոտաշինության խմբակներ: Վերջիններս կներկայացնեն հրշեջ-փրկարարական, որոնողական և այլ գործառույթներ իրականացնող ռոբոտներ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ