ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մայիսի 6-8-ը և 13-15-ն անցկացվել են
- մասնագիտական հատուկ ուղղվածության վերապատրաստման դասընթաց հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի պետերի և օղակի հրամանատարների համար՝ «Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպում» թեմայով․
- «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով որակավորման դասընթաց՝ «Շինարարական կառուցվածների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով։
Դասընթացներին մասնակցել է 30 հոգի Երևանի և մարզերի տարբեր ստորաբաժանումներից։
Հատուկ ուշադրություն է դարձվել գործնական պարապմունքներին։ Հերթափոխի պետերի և օղակի հրամանատարների վերապատրաստման երկու օրն անցել է Արայի լեռան տարածքում՝ գիշերակացով և եղանակային բարդ պայմաններում։ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ փրկարարները սովորել են տեղաշարժվել զառիթափ լանջերով, ձեռք բերել խմբակային ապահովման և ինքնապահովման հմտություններ։ Խնդիրներից մեկը եղել է GPS սարքի օգնությամբ տուժածների որոնումն ու հայտնաբերումը, ինչը ծառայողները կատարել են հմտորեն։ Ներկայացվել են նաև բարձրադիր գոտիներում առաջին օգնության ցուցաբերման դժվարությունները։
Ծրագրում ներառված են եղել նաև պարաններով տարբեր փրկարարական աշխատանքներ։ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես Արայի լեռան վրա ձնահոսքի պատճառով 2018 թվականին զոհ ունեցանք։ Դեպքերը շատանում են հատկապես ամառային սեզոնին։ Խնդիրը միշտ արդիական է, և փրկարարը պետք է անընդհատ նոր գիտելիք ստանա»,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Ամրակապման թեմայով գործնական դասընթացն անցկացվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում, որն ունի հատուկ վարժահրապարակներ և տեխնիկական միջոցներ։ Դասընթացին ներգրավվել էին հիմնականում քաղաքային որոնողափրկարարական թիմերի՝ ՔՈՓ անդամ փրկարար ծառայողները։ ՃԿՊԱ դասախոսը նշեց՝ առաջիկայում նախատեսվում է ՔՈՓ թիմեր ունենալ նաև Արարատի և Գեղարքունիքի մարզերում։ Տեղացի փրկարարները, որոնք մասնակցել են վերապատրաստմանը, արդեն ունեն բավականաչափ հմտություններ և կարող են ավելի բարդ առաջադրանքներ կատարել։
Վերապատրաստման դասընթացները վարել են ՃԿՊԱ մասնագետները՝ փ/ծ գնդապետ Ռ․ Մխիթարյանը, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, փ/ծ մայորներ Ա․ Խաչատրյանը և Ս․ Գևորգյանը, փ/ծ կապիտան Վ․ Հովակիմյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Ս․ Մարտիրոսյանը, փ/ծ լեյտենանտ Վ․ Ավոյանը, փ/ծ ենթասպա Ա․ Խաչատրյանը և փ/ծ ավագ Ն․ Մարկոսյանը։
ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ