Օրերս Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ ուսանողական խորհրդի նոր կազմի ընտրություն։ Նախագահ ընտրվեց «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Սեդա Այվազյանը, իսկ նախագահի տեղակալ՝ «Կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գագիկ Հայրիկյանը։
Թեկնածուները նախագծային աշխատանքները պատրաստել էին միասին։ ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը կարևորեց երկու մասնակիցների համագործակցությունը՝ նշելով, որ ուսխորհուրդը պետք է լինի այն ակտիվ հարթակը, որն ակադեմիան կներկայացնի գիտական, մշակութային միջոցառումների և միջազգային հանդիպումների ժամանակ։
Սեդա Այվազյանի խոսքով՝ ուսանողական կյանքը չպետք է սահմանափակվի միայն դասապրոցեսով։ Իրենց նախագծերի հիմքում մեկ գաղափար էր՝ համատեղել մասնագիտական կրթությունն ու ժամանցը։ Առաջիկայում ստեղծվելու են տարբեր թեմատիկ ակումբներ, լինելու են կինոդիտում-քննարկումներ և այլն։
Հարցին, թե ինչու է փրկարարի ուղին ընտրել, Սեդայի պատասխանը միանշանակ է․ «Իմ կերպարին ամենամոտ մասնագիտությունն է»։ Եղբայրն է իրեն ուղղորդել ակադեմիա դիմելու հարցում։ Սեդան զբաղվում է պարով ու շախմատով, ուսումնասիրում օտար լեզուներ, հաճախում թատերական խմբակ, բայց ապագայում իրեն միայն ուսադիրով, ակտիվ փրկարարի դերում է պատկերացնում։
ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղարիբյանի խոսքով՝ ուսխորհրդի նորանշանակ անդամներն արդեն սկսել են ակտիվ աշխատել։ Առաջիկայում ՃԿՊԱ-ի գործընկեր բուհերից մեկի հետ իրականացվելու է համատեղ միջոցառում։
Մանրամասներին կանդրադառնանք։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են ուսանողները