Ապրիլ ամսին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի ուսումնական բազան կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝
- «Բաց դռների օր» Կաթնառատի միջնակարգ դպրոցի աշակերտների համար։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը, ուսումնական մասի տեղակալ Կարեն Սարուխանյանն ու դասախոսները ներկայացրել են ակադեմիայում կրթական հնարավորությունները։ Հանդիպման ավարտին ՃԿՊԱ սաներն աշակերտներին ծանոթացրել են արտակարգ իրավիճակներում անվտանգության վարքականոնին և առաջին օգնության որոշ տարրերի:
- ՔՎԵՍՏ-ԱՐՇԱՎ․ ՃԿՊԱ դասախոս Արինա Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսումնական և ժամանցային արշավ դեպի Սուրբ Նշան մատուռ։ Նպատակն էր զարգացնել ուսանողների առաջին օգնության գործնական հմտությունները, նպաստել հաղորդակցմանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն, համագործակցությանն ու հանդուրժողականությանը, բարձրացնել ապագա մասնագետների մրցունակությունը` հետագայում աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Քվեսթ-արշավը բաղկացած էր տարբեր թեմատիկ խաղերից՝ «ԱՕ բեմադրություն», «Երգիր թե կարող ես», «Տար-բեր» և «Մեծ դասամիջոց»։
- «Ճգնաժամային կառավարում» թեմատիկայով խաղ՝ ուսումնական պրակտիկայի շրջանակում։ ՃԿՊԱ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի «Կառավարում» մասնագիտությամբ ուսանողները Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի «Ճգնաժամային կառավարման և ուսուցման կենտրոնում» կազմակերպել են մասնագիտական խաղ՝ վերլուծել և գնահատել 5 բնակավայրերի ռիսկերը։ Օգտագործվել է տեղական մակարդակում ռիսկերի կառավարման 2 գործիք։
- Այց Ստեփանավանի սոցիալ-կրթական կենտրոն։ ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի կամավորները, որոնք նաև ակադեմիայի սաներն են, Ստեփանավանի սոցիալ-կրթական կենտրոնի երեխաների հետ խոսել են երկրաշարժի, հրդեհի ու կայծակի ժամանակ վարքականոնի, ինչպես նաև ճանապարհային անվտանգության կանոնների մասին: Կազմակերպվել է իրավիճակային խաղ «Ուժեղ երկրաշարժ Ստեփանավանում» թեմատիկայով։
- ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐՇԱՎ՝ արցախցի երեխաների ինտեգրման ուղղված ծրագրի շրջանակում։ Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի եւ ֆրանսիական Acted Armenia կազմակերպության ծավալուն ծրագրում ներառված են եղել «Լոռէ» ջոկատի հրահանգիչները, ՃԿՊԱ ուսանողները, «Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի» պատանի փրկարարները և այլն։
- «Թույլ օղակ» ինտելեկտուալ խաղ․ Մրցույթը կազմված էր 2 փուլից, յուրաքանչյուր կուրսի համար մշակվել էին համապատասխան հարցեր՝ ըստ կրթական ծրագրի։ Մասնակցել է միջին մասնագիտական կրթական ծրագրի 45 ուսանող։ Խաղում ավելացվել էր ևս մեկ բաղադրիչ՝ «ԱՕ թույլ օղակ» թեմատիկայով, որին մասնակցել են բոլոր կուրսերը։ Հաղթող է ճանաչվել 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Ասուլյանը։
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել է Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ