Մայիսի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ուսանողները «Հրդեհային ավտոմատիկա» և «Հրդեհային պաշտպանության հիմունքներ» առարկաների գործնական պարապմունքն անցկացրին Մատենադարանում։

   Մատենադարանի հակահրդեհային անվտանգության պատասխանատու, ավագ հրշեջ-հրահանգիչ Նորա Չերքեզյանը ներկայացրեց հին և նոր մասնաշենքերում տեղադրված հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը՝ հրդեհաշիջման և ազդանշանման կայանքները, հակահրդեհային ներքին ջրամատակարարման հրշեջ-ծորակները, կրակմարիչների տեսակներն ու դրանց օգտագործման կարգը։ Ուսանողները շրջեցին Մատենադարանի տարբեր սրահներով, քննարկեցին ձեռագիր մատյանների պահպանության վերաբերյալ հարցեր։

   ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի դասախոս Հովհաննես Խաչատրյանի և փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով՝ այցի հիմնական նպատակն ուսանողների մասնագիտական գիտելիքի ամրապնդումն էր ու կարողությունների ձևավորումը։ Նման գործնական պարապմունքները թույլ են տալիս ավելի խորքային ուսումնասիրել հակահրդեհային անվտանգության խնդիրները տարբեր կառույցներում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հարություն ՂԱԶԱՐՅԱՆԸ