Ապրիլի 25-ին Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտներին։ Ճանաչողական այցին նախորդել էր ՃԿՊԱ դասախոսների սեմինար-պարապմունքը դպրոցի անձնակազմի հետ։

   Սաները շրջեցին ակադեմիայի գրադարանով, ծանոթացան կրթական ծրագրերին, ընդունելության պայմաններին, հեռավար կրթության հնարավորություններին, ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի հագեցվածությանը և այլն։

   Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի առաջարկով՝ աշակերտները Կահութ հարթակում ստուգեցին իրենց գիտելիքներն արտակարգ իրավիճակներում վարքականոնի վերաբերյալ։ Հարցաշարը մշակել են ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողները։ Հաղթող ճանաչված Տաթև Մարտիրոսյանին ակադեմիան նվիրեց գրքեր։

   Կոտրվածքներին և սիրտ-թոքային վերակենդանացման թեմայով առաջին օգնության դաս անցկացրեց ՃԿՊԱ-ի որակի ապահովման կենտրոնի պետ, բուժծառայության գծով պահեստազորի փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը։ Ներկայացվեց՝ ինչպես չափել անոթազարկը, մարդու բերանի խոռոչից դուրս բերել օտար մարմինը, ձեռքի տակ եղած միջոցներով ֆիքսել կոտրված վերջույթը և այլն, ինչպես նաև՝ սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակ հանդիպող սխալները։  «Անկախ մասնագիտությունից՝ առաջին օգնության գիտելիքը կարևոր է։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ շատ բժիշկներ աղետի գոտում չէին կարողանում օգնություն ցուցաբերել, քանի որ միայն իրենց նեղ մասնագիտական ոլորտին էին տիրապետում։ Եթե մենք տուժածին չկարողացանք օգնել «ոսկե» ժամանակում՝ 15-30 րոպեում, նրան փրկել չենք կարողանա»,- ասաց մասնագետը և հավելեց, որ ցանկացած իրավիճակում խուճապն է ամենամեծ խնդիրը։

   Կրթահամալիրի զինղեկ, փոխգնդապետ Սարգիս Ջանունցը կարևորեց ՃԿՊԱ-ի և անվտանգության մշակույթ ուսուցանող այլ կառույցների հետ համագործակցությունը։  Դպրոցն իր հերթին պարբերաբար վարժանքներ է անում․ հերթականն ապրիլի 26-ին է՝ նվիրված հրդեհվող շենքից տարհանմանը։

   «Ուրախ եմ, որ այսօր աղջիկներն ավելի շատ են սկսել հետաքրքրվել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով։ Դա գալիս է ընտանիքի դաստիարակությունից։ Ի վերջո՝ երեխաները մեր պետության վաղվա սյունն են, նրանք պետք է ամեն ինչից տեղյակ լինեն»,- ասաց զինղեկը։

   Առաջին օգնության մասին իր գիտելիքով աչքի ընկած Տաթև Մարտիրոսյանն Արցախից է։ Հակամարտության գոտում ապրելն է ստիպել, որ անվտանգության դասերը լավ սերտի։ Պատմում է՝ ինչպես են տեղահանվելիս երեք ժամվա ճանապարհն անցել երեք օրում․ այդ ընթացքում հասկացել է՝ ինչ են քաղցն ու ծարավը, ինչ է նշանակում երկար ժամանակ հորդ անձրևի տակ մնալը։ Հստակ որոշել է՝ բժիշկ է դառնալու։ Հաստատակամությունն ընդօրինակել է փրկարար եղբորից։

   Այցի ավարտին ուսուցչի օգնական Կարինե Վարդազարյանի հետ զրուցեցինք նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի մասին։ «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոցում սովորում է տարբեր ծանրության հաշմանդամություն ունեցող 10-ից ավելի երեխա։ Ուսուցչի խոսքով՝ տարիներ առաջ Հայկական կարմիր խաչի ընկերությունը մանկավարժական անձնակազմի հետ առաջին օգնության դասեր է անցկացրել։ Ցանկալի կլիներ ձեռք բերել նաև ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատելու հմտություններ՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու մասով։

   Կրթահամալիրի սաների և ՃԿՊԱ մասնագետների փոխադարձ այցերը կլինեն շարունակական։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի