Ապրիլի 15-ից Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ու մասնակցությամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) հրահանգիչների վերապատրաստման ծրագիրը։ Մեկշաբաթյա տեսական ու գործնական պարապմունքներն անցկացվում են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական բազայում։ Դասընթացներին երկու խմբով մասնակցելու է փրկարարական տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը՝ 30 հոգի։

   Ավստրիայից ժամանած դասընթացավարներն են Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ծրագրերի ղեկավար Թիերի Ժիղարը, VolFire (Volunteer Fire Rescue Groups) ծրագրի  փորձագետ, հրշեջ-փրկարար Բեռնար Ժանինը, հրշեջ-փրկարար, հրահանգիչներ Ջոնաթան Գեյլը և Գարի Շիվալը։ ՃԿՊԱ-ից դասախոսում են փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզպատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը և փրկարարական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը։

   Ապրիլի 18-ին իրականացվեցին հրդեհաշիջման թեմայով գործնական վարժանք և ալպինիստական գույքով պարանային տարբեր աշխատանքներ։ Ավստրիացի մասնագետները բարձր գնահատեցին հայ փրկարարների պատրաստվածությունը։

   Հարություն Ղազարյանի խոսքով՝ դասերի թեմատիկ ընտրությունը կատարվել է իրենց առաջարկով՝ անտառային հրդեհների արձագանքում, փրկարարական աշխատանքներ, առաջին օգնություն, փոքր մեխանիզացիայի կիրառում։ «Մեր նպատակն է, որ փրկարարը կարողանա կամավորին ուսուցանել՝ ինչպես արձագանքի դեպքերին, ինչպես ճիշտ օգտագործի գույքը, ինչպես ապահովի սեփական անվտանգությունը, ինչ օրենքների սահմանում կատարի իր պարտականությունները։ ՃԿՊԱ-ի հետ ավստրիացի գործընկերները նաև կամավորների ուսուցման համար 7 հայերեն ձեռնարկ են մշակելու»,- մանրամասնեց ՃԿՊԱ դասախոսը։

   Մի բան է կազմակերպել փրկարարական անձնակազմի ուսուցումը, այլ բան՝ կամավորին զրոյից գիտելիք ու հմտություն սովորեցնել՝ հավելեց Հայկ Ղազարյանը։ Կարևոր է ամեն մանրուք՝ լսարանի կահավորումն ու օդափոխությունը, պրեզենտացիաների ներկայացման ձևերը, դասընթացի կազմակերպման տարբեր մեթոդների կիրառումը և այլն։ Ի սկզբանե դասընթացի հիմքում հենց դա է դրված՝ փրկարարից պատրաստել ուսուցանող։

   «Մեր երկրում պրոֆեսիոնալ փրկարարներն ու կամավորները նույն գործառույթներն ու առաքելությունն ունեն։ Հայաստանում կամավոր փրկարարների ինստիտուտը նոր է, և ինձ համար մեծ պատիվ է աշխատել հայ փրկարարների հետ»,- նշեց Ջոնաթան Գեյլը, որն Ավստրիական կարմիր խաչի ընկերության և Ավստրիայի զարգացման գործակալության նվիրած նոր գույքով սովորեցնելու է տուժածներին տարբեր իրավիճակներից դուրս բերելու և առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ։

   Հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության համար նախատեսված այս գույք-սարքավորումները շուտով կտրամադրվեն Հայաստանում ձևավորվող 12 կամավորական ջոկատներին։

   Բեռնար Ժանինի խոսքով՝ դրանք կօգնեն ավելի արդյունավետ աշխատել։ Ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում ավստրիացի գործընկերները եկել են եզրահանգման, որ ճիշտ է գույքը թողնել համայնքի տնօրինությանը։ Դրա պահպանության պատասխանատվությունը կրելու է կապավորը, որը դեպքի վայր չի մեկնելու։

   ՃԿՊԱ դասախոս Հովսեփ Բադալյանը նկատեց՝ նոր գույքը էապես տարբերվում է մեր ունեցածից։ Մոտեցումներն էլ են տարբեր, օրինակ՝ բարձրությունից իջնելը, ինչն ի տարբերություն հայ փրկարարների՝ ավստրիացի փորձագետները մեկ պարանի միջոցով են կատարում։ Այս ծրագիրը փորձի փոխանակման լավ հնարավորություն է։

   Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն քննություն։

   Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ