ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլի 8-10-ն անցկացվեց «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմատիկայով մասնագիտական հատուկ ուղղվածությամբ դասընթաց հերթափոխի պետերի և օղակի հրամանատարների համար։ Մասնակցում էր 13 փրկարար ծառայող Երևան քաղաքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր ստորաբաժանումներից։
Դասընթացի տեսական թեմաներն էին՝

  • Տրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում
  • Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում
  • Փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառումը տրանսպորտային միջոցների վթարների դեպքում
  • Տրանսպորտային միջոցների վթարների դեպքում անվտանգության ապահովումը։

   Գործնական պարապմունքներին հատկացվել է երկու օր։ Ապրիլի 9-ին ՃԿՊԱ Լուսակերտի ուսումնական բազայում փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գևորգյանը ներկայացրել է ՃՏՊ-ի հետևանքով  ձորերում և թեք լանջերում հայտնված տրանսպորտային միջոցից տուժածների դուրսբերման և առաջին բուժօգնության կարգն ու խնդիրները։ Խաղարկվել է գնացքի վագոնի և ավտոբուսի բախման սցենար, փրկարարները կատարել են համապատասխան գործողություններ։
Ապրիլի 10-ին գործնական պարապմունքը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Ըստ սցենարի՝ տեղի է ունեցել վթար, կան տարբեր վնասվածքներով տուժածներ։ Փրկարարական աշխատանքները կազմակերպվեցին երկու տեղամասում՝ առանձին խմբերով։ Վերապատրաստվողները կատարեցին մեքենայի հոսանքազրկում, փոքր մեխանիզացիայի միջոցներով հեռացրին մեքենայի դռներն ու տանիքը, տուժածներին ցուցաբերեցին օգնություն և տեղափոխեցին անվտանգ տարածք։
Սուսան Գևորգյանի խոսքով՝ դասընթացի առաջին օգնության թեմաների շրջանակն ընտրվել է՝ հաշվի առնելով ավտովթարների ժամանակ ամենաշատը գրանցվող դեպքերը՝ ողնաշարի, պարանոցի, ստորին ու վերին վերջույթների կոտրվածք, երակային ու զարկերակային ուժեղ արյունահոսություն։
«Թերացումներ իհարկե լինում են։ Պատճառը սովորաբար վարժանքի տեմպն ու հուզմունքն են, որոնք խանգարում են փրկարարներին։ Կարևորը գործել այնպես, որ տուժածի վիճակը չվատանա։ Երկու խմբերի դեպքում էլ հոգեբանական մոտեցումը գերազանց էր՝  հիվանդությունների մասին տվյալները հավաքելը, տուժածի հետ անընդհատ զրուցելն ու մինչև շտապօգնության գալը նրան մենակ չթողնելը, բժշկին տուժածի վիճակի մասին զեկուցելը»,- մանրամասնեց ՃԿՊԱ դասախոսը։
Այս անգամ դասախոսական անձնակազմը փոքրիկ հնարքի էր դիմել՝ բարդացնելով խնդիրը։ Տուժածների վնասվածքների մասին մասնակիցները նախապես չգիտեին։
Փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ կապիտան Անդրանիկ Խաչատրյանը փրկարարական աշխատանքը գնահատեց լավ։ Դրան մեծապես օգնում է վերջին տարիներին ջոկատների տեխնիկական հագեցվածության բարելավումը։ Բոլոր ստորաբաժանումներն ունեն հիդրավլիկ լրակազմ, որը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում առաջին անհրաժեշտություն է։
Նման վերապատրաստումների շնորհիվ փրկարարներն ավելի են հմտանում։ Օրեցօր ավելանում են պատահարները, այդ թվում՝ էլեկտրամոբիլների, որոնք մեծ խնդիր են ստեղծում փրկարարական աշխատանքի և անվտանգության տեսանկյունից։
Դասախոսը մատնանշեց հատկապես խմբերի հրամանատարներին, որոնց ճիշտ հրահանգավորման շնորհիվ փրկարարները կարճ ժամանակում կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։
«Ճանապարհատրանսպորտային պատահարները տարբեր են լինում։ Եթե Երևանում մենք հիմնականում ավտովթարներ ենք ունենում, ապա մարզերում քիչ չեն դեպքերը, երբ մեքենան ձորը կամ գետն է ընկնում։  Հետևաբար արձագանքման բնույթը փոխվում է։ Պարապմունքների սցենարներն այնպես ենք մշակել, որ բոլոր ուղղությունները ներառենք»,- հավելեց Անդրանիկ Խաչատրյանը։
Տուժածին մարմնավորած, Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Հենրիկ Ավոյանը հրշեջների ընտանիքից է, 22 տարի համակարգում է ծառայում։ Շատ փորձությունների միջով է անցել․ ասում է՝ իրական դեպքի ժամանակ գրքային գիտելիքդ մի կողմ ես դնում ու գործում՝ ըստ ռիսկի ու հրատապության։ Կարևորը հնարավորինս արագ տուժածին դեպքի վայրից տեղափոխելն ու փրկելն է։ Հոգեբանական աջակցության մասով դասընթացը շատ արդյունավետ էր․ սովորեցին՝ ինչպես խոսել տուժածի հետ ու շահել նրա վստահությունը։  Երբ էլ վերապատրաստման հնարավորություն է լինում, բոլորից «առաջ է ընկնում»։
Գործնական պարապմունքը գնահատեցին ՃԿՊԱ դասախոսները՝ փ/ծ կապիտաններ Անդրանիկ Խաչատրյանն ու Վահագն Հովակիմյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Մարտիրոսյանը։ Մասնակիցներին տրվեց վկայական։

 

Անի Անտոնյան

Լուսանկարները՝ Վահրամ Ավոյանի