Ապրիլի 2-ին Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց դասընթաց՝ առողջ ապրելակերպի, ի մասնավորի՝ առողջ սննդի, էներգետիկ ըմպելիքների, ծխախոտի և ոգելից խմիչքների վտանգավոր ազդեցության թեմաներով։
Բուժքույր Գայանե Ամիրխանյանը խոսեց դեռահասների շրջանում հանդիպող անցողիկ երևույթների՝ հաճախակի սրտխփոցի, քնի խանգարման, դյուրագրգռվածության, ախորժակի բացակայության, սրտխառնոցի և գլխացավերի մասին՝ նշելով, որ էներգետիկ ըմպելիքները միայն ձգձգում են օրգանիզմի վերականգնումը։
«Խաբկանք է՝ էներգետիկ ըմպելիքն էներգիա չի տալիս։ Դրա միջի կոֆեինը և մյուս բաղադրիչները խթանում են օրգան համակարգերի աշխատանքը, ստիպում սրտին, մակերիկամին, վահանաձև գեղձին, ուղեղին և մյուս օրգաններին կրկնակի արագությամբ աշխատել, ինչի հետևանքով՝ 2-3 ժամ հետո, երբ օրգանիզմը մեծ արագությամբ ծախսած է լինում գիշերվա ընթացքում կուտակված ռեսուրսը, այն թուլանում է, ընկճվում ու սպառվում»,- մանրամասնեց մասնագետը։
Էներգետիկ ըմպելիքները նաև առաջացնում են ատամների էրոզիա, մարմնի ավելորդ քաշ, նույնիսկ՝ շաքարախտ, իսկ աղիներում ստեղծում են նպաստավոր պայմաններ ստաֆիլակոկի և ստրեպտոկոկի զարգացման համար։
Գայանե Ամիրխանյանն առաջարկեց ինքնազգացողությունն ու աշխատունակությունը վերականգնելու համար օգտագործել կաթնաթթվային ուտելիքներ, կարգավորել քնի ռեժիմը։
«Մի՛ խորտակեք ձեր օրգանիզմը, առողջության հետ խաղ չեն անում։ Միտքը հզոր բան է։  Հանե՛ք ձեր գլխից «չեմ կարող» արտահայտությունը․ մարդու հնարավորություններն անսահմանափակ են։ Հաճախ կրկնե՛ք՝ ես ուժեղ եմ, ինքնավստահ, իմ հոգում հանգստություն է։ Ինձ համար չկա անլուծելի հարց»,- ամփոփեց ՃԿՊԱ բուժքույրը։
Որակի ապահովման կենտրոնի պետ, պահեստազորի բուժծառայության փոխգնդապետ Աշխեն Խաչատրյանը ներկայացրեց ծխախոտի ազդեցության՝ հոգեբանական և կենսաբանական կախվածության,  շնչառական օրգանների և այլ համակարգերի վնասման, ինքնազգացողության վատացման, աշխատունակության նվազման, վերարտադրողական համակարգի խաթարման և այլ հետևանքների մասին։ Այս համատեքստում նա առանձնացրեց հատկապես նարգիլե և էլեկտրոնային ծխախոտ օգտագործող աղջիկներին, որոնց թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Խոսվեց նաև մահացության մեծ ռիսկ ստեղծող ալկոհոլային խմիչքների թեմայով, որոնց չարաշահման հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է  3,3 միլիոն մահվան դեպք, ինչը կազմում է բոլոր մահերի 5,9 տոկոսը։ 20-39 տարիքային խմբի մահվան դեպքերի 25 տոկոսը պայմանավորված է ալկոհոլի ազդեցությամբ։
Առաջին բուժօգնության դասախոս Մերի Պետրոսյանը կարևորեց բուսական սննդի օգտագործումը, որը կանխում է  թրոմբների առաջացումը, կարգավորում զարկերակային ճնշումը, ֆերմենտների ակտիվությունը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և ճարպային փոխանակությունը։ Խոսելով սահմանափակ թվով սննդամթերքի օգտագործման անարդյունավետության մասին՝ Մ. Պետրոսյանը  նշեց. «Ամեն ինչում պետք է համադրում։ Մեր օրգանիզմին չափավոր քանակով անհրաժեշտ է  ամեն ինչ՝ նույն շոկոլադը, ձուն և այլն։ Պետք է բացառել անառողջ սնունդը՝ վերամշակված կարմիր միսը, գազավորված ընպելիքները, կիսաֆաբրիկատները, չիպսերը և այլն»։
Բոլոր խնդիրների լավագույն լուծումը ֆիզիկական ակտիվությունն է։ «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մահվան ռիսկը՝ շաբաթական 2,5 ժամը՝ 19 տոկոսով, 7 ժամը՝ 24 տոկոսով։ Ինձ հաճախ հարցնում են՝ եթե մարդն ամբողջ օրն աշխատում է ֆիզիկական մեծ լարվածությամբ, բայց ունի առողջական խնդիրներ, ի՞նչն է  պատճառը։ Ֆիզիկական ակտիվությունն արդյունավետ է, եթե ժամանցային բնույթ է կրում՝ ֆիտնես, լող, արագ վազք  և այլն»,- ամփոփեց դասախոսը։
ՃԿՊԱ-ում այսօրինակ մոտիվացիոն և քարոզչական հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ