Մարտի 17-ին Երեւանում անցկացվել է Old School Strongman Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 20 մարզիկ ամբողջ հանրապետությունից։ Նրանց թվում էր Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, մաս-ռեսթլինգի եւ ակադեմիական թիավարության մեդալակիր, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության «Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի» հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը:

Նա 90 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը՝ երեք մոտեցումով բարձրացնելով ընդհանուր 500 կգ։ Անկեղծանում է՝ թեժ պայքար էր, սակայն ինքն իրենից գոհ է։ Գերազանցել է նախկին ռեկորդը։ Մրցել է ծանրամարտի եւ եռամարտի չեմպիոնների հետ եւ զիջել քիչ քաշային տարբերությամբ։

«Միշտ փորձում եմ ուժային միջոցառումներին մասնակցել ու պարտադիր լավ արդյունք տալ։ Այժմ պատրաստվում եմ Վրաստանում կայանալիք մաս-ռեսթլինգի Եվրոպայի առաջնությանը։ Կարեւորը վնասվածք չունեմ, լավ մարզավիճակում եմ»,- ասաց փրկարարը։

Մարտի սկզբին ՃԿՊԱ շրջանավարտն աչքի էր ընկել նաեւ Վրաստանում անցկացված Կոնստանտին Ջանաշիայի անվան միջազգային առաջնությունում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Աշոտ Հովհաննիսյանը