Օրերս Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակում փրկարարական ամբիոնի դասախոս Հովհաննես Խաչատրյանն անցկացրել է գործնական պարապմունք՝ «Հրդեհաշիջման առաջնային միջոցների օգտագործումը նախնական փուլում» թեմայով։ Դասն առանձնահատուկ էր նրանով, որ ներգրավված էին միաժամանակ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» եւ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտություններով երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողները։

Նպատակը փորձի փոխանակումն էր։ Ըստ սցենարի՝ խաղարկվել է փոքր հրդեհ, բոլոր ուսանողները սահմանված ժամանակահատվածում կատարել են հրդեհաշիջում։ Դասի ավարտին երկու կուրսերը քննարկել են տեղ գտած թերությունները, ներկայացրել իրենց առաջարկները։ Կրկին անդրադարձ է կատարվել կրակմարիչների տեսակներին ու դրանց կիրառության ոլորտներին։

«Որպես փրկարար՝ մեզ վայել չէ դեպքի վայրում լինել պասիվ ականատեսի դերում, չիմանալ, օրինակ, ինչպես օգտագործել կրակմարիչը։ Ես մեր ուսանողներին հորդորում եմ, որ չվախենան մոտենալ եւ առաջարկել իրենց օգնությունը՝ նախապես ներկայանալով, որ դու ունես համապատասխան գիտելիք ու հմտություն։Հաճախ եմ լսում, որ այս սերունդը սովորել չի սիրում։ Այդպես չէ․ մեր երեխաները լավն են, պարզապես պետք է նրանց նյութը մատչելի ու հետաքրքիր տարբերակով մատուցել»,- ասաց Հովհաննես Խաչատրյանն ու կատակեց՝ հենց ավարտին է մոտենում կրակմարիչի պիտանելիության ժամկետը․ ուրեմն  իսկը գործնական վարժանքի ժամանակն է։

Ապագա փրկարար Միլենա Սարգսյանը հավելեց՝ տեսական գիտելիք ունենալը մի բան է, հմտություններին տիրապետելը՝ այլ։ Նախորդ տարի արտադրական պրակտիկայի շրջանակում իր խումբը եղել է փրկարար ծառայության Երեւանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում։ Երկու շաբաթվա ընթացքում գործնականում սովորել են ամեն ինչ՝ ինչպես կապել տարբեր պարանային հանգույցներ, բացազատել փողրակը, սահմանված ժամկետում հագնել անհատական պաշտպանության միջոցները, գրանցել դեպքի ահազանգը, դուրս գալ արձագանքի եւ այլն։ Ցանկալի է, որ տեսական դասերը հնարավորինս ուղեկցվեն գործնականով, որ սովորածդ ավելի կայուն լինի։

Առաջիկայում Բուսաբանական այգում կմեկնարկեն «Տեղանքում կողմնորոշում» առարկայի գործնական դասերը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները