Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտադրական պրակտիկայի շրջանակում բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» եւ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ ավարտական կուրսերի ուսանողները մարտի 15-ին այցելեցին Քանաքեռի հիդրոէլեկտրակայան։
Կայանի պետ Սամվել Մելքոնյանը ծանոթացրեց ՀԷԿ-ի կառուցվածքին, տուրբինների աշխատանքին եւ նորոգման ընթացքին, սարքավորումների ճիշտ պահպանման սկզբունքներին, դրենաժային համակարգին, օրական կարգավորման ավազանի նշանակությանը եւ այլն։
Խոսվեց ՀԷԿ-ում առկա խորհրդային եւ ժամանակակից հիդրոագրեգատներին միացված անվտանգության համակարգի տարբերություններից եւ գրանցված արտակարգ դեպքերից, որոնց արձագանքել են անձնակազմն ու փրկարարները։ Դրանք հիմնականում գեներատորի ու տրանսֆորմատորի խափանման արդյունք են եղել։
Հակահրդեհային անվտանգությունը ՀԷԿ-ում առաջնահերթ է։ Գործում է «ՍՈՍ սիսթեմս» հակահրդեհային համակարգ, որն ուղիղ կապ է ստեղծում փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, ամեն հարկում փակցված է տարհանման պլանը, առկա են կրակմարիչներ, բոլոր ելքերը հասանելի են։ Սամվել Մելքոնյանի խոսքով՝ անձնակազմից կազմավորվել է կամավորական հրշեջ-խումբ, որը պարբերաբար փրկարարների հետ վարժանքներ է անում։
Կայանի պետի տեղակալ Արմեն Գասպարյանը մտահոգություն հայտնեց վերջին տարիներին Հրազդան գետի չափազանց աղտոտվածության մասին եւ պատմեց ջրի մաքրման աշխատանքի դժվարություններից։ Տղմազտիչ տարածքում կարելի է ամեն տեսակ թափոն գտնել՝ նույնիսկ անվադողեր։
Ուսանողներն ակտիվ քննարկում ունեցան ջրհեղեղի, երկրաշարժի եւ օդային տագնապի դեպքում ՀԷԿ-ի անձնակազմի գործողությունների պլանի մասին։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի